armnoc.am  Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:

Հուլիսի 23-ին մրցագորգ էին դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները:

69 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական էր: Ոսկե մեդալը վիճարկեցին Մալխաս Ամոյանը և Ալբերտ Եղիկյանը: Արդյունքում՝ 9:0 հաշվով Եվրոպայի չեմպիոն դարձավ Մալխաս Ամոյանը:

Մինչ եզրափակիչ փուլ հասնելն Ամոյանը հաղթանակ էր տարել գերմանացի, ռուս, թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ՝ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին (30:0):

Հայաստանի հավաքականի անդամ' Սամվել Գրիգորյանը (50 կգ) եզրափակչում 0:9 հաշվով պարտվեց վրացի ըմբիշին և դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր, իսկ Արթուր Գալստյանը նույն քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց:

Ըմշամարտի համաշխարհային միությունը թույլ է տալիս պատանեկան առաջնություններում' յուրաքանչյուր քաշային կարգում, ներկայացնել նույն երկրի 2-ական մարզիկ' այս կերպ խթանելով մարզաձևի զարգացումն ու տարածումը:

Հուլիսի 24-ին մրցագորգ են դուրս գալու 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: