Իրանի հյուսիս-արևմուտքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից (ԻՀՊԿ–Իրանի ԶՈՒ ընտիր բաղադրիչ) իրականացվող հակաահաբեկչական գործողության արդյունքում ոչնչացվել է 23 զինյալ։ Այս մասին Press-TV հետուստալիքին հայտնել է ԻՀՊԿ-ի հրամանատարության ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Մաջիդ Արջմանդֆարը։ Նրա խոսքով՝ մինչ վերջերս տարածաշրջանում գործում էր հինգ անօրինական զինված խմբավորում, որոնցից երկուսն ամբողջությամբ ոչնչացվել են Իրանի Քրդստան և Արևմտյան Ատրպատական նահանգներում։ Բացահայտվել են զինյալների հենակետերը Իրաքին և Թուրքիային սահմանակից շրջաններում։ Ողջ մնացած ահաբեկիչների հետապնդումը շարունակվում է։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նա ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային մեղադրել է այն խմբավորումներին աջակցության մեջ, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակն Իրանում։
«Այդ երկու երկրների հատուկ ծառայությունները ապահովում են հանդերձանքով և ֆինանսական աջակցություն են ցուցաբերում (Իրանում գործող) քրդական անջատողական «Փեժակ» խմբավորմանը, որը Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) մասնաճյուղն է»,- նշել է ԻՀՊԿ-ի հրամանատարության ներկայացուցիչը։ ԻՀՊԿ-ի հակաահաբեկչական գործողությունն Իրանի հյուսիս-արևմուտքում շարունակվում է արդեն երկու ամիս։ Դրա նպատակն է «Փեժակ» խմբավորման դիվերսիոն ջոկատների վերացումը։ Կազմակերպությունը ՔԱԿ-ի մասնակցությամբ ստեղծվել է 2003 թվականին՝ Իրանի տարածքում քայքայիչ գործունեություն ծավալելու համար։ Գործում է հիմնականում Իրաքին սահմանակից իրանական Քրդստան նահանգում։