Արդյոք ովքե՞ր են…

 

Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե, հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց օրենքներ են ընդունում, մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…

 

Արդեն 4 տարի է՝ 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու, երևի թե, սրտատրոփ սպասում 2017-ին՝ մեկ էլ տեսար վերընտրվեց, մեկ էլ տեսար…

 

Քանի որ հաշված ամիսներ են մնացել մինչ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել նրանց գործունեությունը՝ պատգամավոր առ պատգամավոր ներկայացնելով նրանց անցած ուղին:

 

Lurer.com-ի դիտակետում հայտնված հաջորդ պատգամավորը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ներսիսյանն է:



Ծնվել է 1978թ. օգոստոսի 14-ին Հրազդանում:

 

1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

 

1999թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ճարտարագիտական ֆակուլտետը, 2012թ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետը: Հիդրոտեխնիկ: Հանրային ֆինանսների մագիստրոս:

 

2003-2012թթ. եղել է «Հրազդան հաց» ՍՊԸ գլխավոր հաշվապահ: 2012-2014թթ.՝ «Հրազդան հաց» ՍՊԸ տնօրեն:

 

2008-2012թթ. եղել է Հրազդան քաղաքի ավագանու անդամ:

 

2014թ. հունիսի 5-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

 


Երիտասարդ Տիգրան Ներսիսյանը նաև երիտասարդ պատգամավոր է՝ թերևս ամենաերիտասարդներից մեկը, ով ԱԺ-ում այսօր կոճակ է սեղմում:

 

Այո՛, ցավոք պատգամավորի աշխատանքային քայլերը կոճակ սեղմելուց այն կողմ չի անցնում:

 

Երբ 2014 թվականին խորհրդարանից հեռացավ արդեն նախկին ԲՀԿ պատգամավոր Գրիգոր Գիրգորյանը, «Բարգավաճից» պաշտոնապես հայտարարվեց, որ Գրիգորյանին փոխարինելու է իրենց ցուցակի 88-րդ հորիզոնականում գտնվող Տիգրան Ներսիսյանը:

 

Երբ նա նոր էր մտել խորհրդարան, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու պատգամավորը չի փայլում իր աշխատանքային գործունեությամբ, Ներսիսյանը փորձեց արդարանալ՝ նոր է.

 

«Դուք երեւի գիտեք, ես նոր եմ, կադապտացվենք, կիմանանք, էլի, ինչի մասին է խոսքը, կանենք, կկազմակերպենք: Ես այլ գործընթացներով եմ զբաղված»:

 

2 տարի է անցել, սակայն, կարծես թե, պատգամավորը դեռ չի ադապտացել՝ փաստում է պաշտոնական տեղեկատվությունը:

 

Parliamentmonitoring.am-ի տվյալներով՝ պատգամավորը ոչ մի անգամ ելույթ չի ունեցել, ոչ մի հարց չի տվել, փոխարենը ակտիվ բացակայել է՝ 74 անգամ:

 

Անի Սահակյան