Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրավիրված ասուլիսում բավականին կոշտ գնահատականներ էր հնչեցրել ներկայիս սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչ Ռոստոմյանի հասցեին, և ասել էր, որ նրա խնդիրը չէ հայկական ֆուտբոլին գնահատական տալը կամ լավ մասնագետներ հրավիրելը. «Թող նա զբաղվի ատամնաբուժությամբ»,- ասել էր նա:
ՀՀ սպորտի նախարար Հրաչ Ռոստոմյանը չի թաքցնում իր ատամնաբույժ լինելու հանգամանքը: Ավելին՝ նորանշանակ նախարարը հպարտանում է իր առաջին մասնագիտությամբ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նախարարը հավաստիացրեց, որ ինքը նաև սպորտի մասնագետ է, ոլորտի պատասխանատուն, հետևաբար, այնտեղ առկա խնդիրները չեն կարող իրեն չմտահոգել:
«Ես ատամնաբույժ չեմ, այլ՝ ստոմատոլոգ, որը բերանի խոռոչի մասնագետ է: Ինքս հպարտանում եմ այդ մասնագիտությամբ և որևէ կոմպլեքս չունեմ այդ առումով: Երկու տարի Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում աշխատել եմ այդ մասնագիտությամբ: Դասավանդել եմ ԵՊՀ-ում, ապա նաև՝ ընդունվել եմ Երևանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ: Բոլորը գիտեն այդ մասին: Սա՝ ի գիտություն: Ինչ վերաբերում է խորհուրդ տալուն, ապա ես չեմ կարծում, որ Ռուբեն Հայրապետյանն ընդգրկված է ինձ խորհուրդ տվողների ցանկում: Սա նույնպես ընդունեք ի գիտություն»,- ասաց նախարարը:
Անդրաառնալով ֆուտբոլին ու հայկական ֆուտբոլի զարգացմանը՝ Ա. Ռոստոմյանը հավաստիացրեց, որ ինքն անելու է ամեն ինչ, որպեսզի սպորտի ոլորտում առկա խնդիրները հնարավորինս լուծվեն. «Լինի դա ֆուտբոլ, թե՝ սպորտի մեկ այլ բնագավառ, ես չեմ կարող ոլորտում առկա խնդիրների մասին չբարձրաձայնել ու ներգրավվածություն չունենալ: Դա բացառվում է: Ինչ վերաբերում է օլիմպիական խաղերի մասնագետ լինել-չլինելուն՝ երևի դուք չեք էլ պատկերացնում, թե ես ինչքան գիտելիքներ ունեմ այդ ուղղվածությամբ»,- հավելեց նա:
Նախարարի խոսքով՝ ինքը զարմացած չէ Ռուբեն Հայրապետյանի նմանատիպ ու նման բովանդակությամբ հայտարարություններից: «Այն ծրագրերը, որոնք նախատեսել էի իրականացնել, դրանք ավելի կարագացնեմ և մոտ ապագայում մենք կունենանք փայլուն հայկական ֆուտբոլ: Եվ դա ես ասում եմ ոչ թե ի հեճուկս Ռուբեն Հայրապետյանի, այլ՝ հօգուտ հայկական ֆուտբոլի»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ սպորտ նախարարները երբևէ չեն միջամտել Հայաստանի ֆուտբոլային խնդիրներին, միգուցե սա՞ է պատճառը, որ հայկական ֆուտբոլն առաջխաղացում չունի, նախարարը չհամաձայնեց՝ պնդելով, որ հարցադարումը տեղին չէ և ճիշտ չի համարում իր նախկինների աշխատանքին գնահատականները տալը:
«Ես չեմ հետևել նրանց աշխատանքին, բայց ֆուտբոլը հենց ինքն իրենով պարզապես մարզաձև չէ: Ֆուտբոլը կարող է բոլորին միավորել ու համախմբել, նույնիսկ՝ հակառակորդներին: Մեր բոլորիս կարևորագույն խնդիրը պետք է լինի զարգացնել հայկական ֆուտբոլը: Պետք է ամեն ինչ անենք, որ մեր լեգենդար ու պատմական ֆուտբոլը վերականագնենք ու ազգային ավանդույթները շարունակենք, որպեսզի մեր ազգային հավաքականի թիմը վերջապես կարողանա ընկնել հաղթական կալեայի մեջ»,- ասաց նա: