Մոսկվայի օպերատիվ աշխատողները պարզել են այն տղամարդու ինքնությունը, որին նոյեմբերի լույս 24-ի գիշերը գնդակահարել են ՌԴ մայրաքաղաքի Յասենեւոյի շրջանում: Այս մասին«Լենտա.ռու»-ին հայտնել է իրավապահ մարմինների մի աղբյուր:
Սպանվածը Գեւորգ Գեւորգյանն է: Նա Հայաստանի քաղաքացի է եւ Մոսկվայի տարածաշրջանում զբաղվում էր շինարարական գործարարությամբ:
Աղբյուրի խոսքով՝ 2006 թվականի թողարկման BMW ավտոմեքենան, որի մոտ գտել են Գեւորգյանի մարմինը, նա ապառիկով ձեռք է բերել 2014 թվականին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մոսկվայի հարավ - արեւմուտքում տղամարդու սպանությունը բոլոր հատկանիշներով նման է պատվիրված սպանության: Հրազենային վերքով մարդու մարմինը հայտնաբերվել է «Լիտովսկի բուլվարում» գտնվող բնակելի տան մոտ:
Իրավապահ մարմիններում հայտնել են, որ անցած գիշեր անհայտ անձը Կալաշնիկովի կարճացված ինքնաձիգով գնդակահարել է տղամարդուն, ինչից հետո փախել՝ զենքը նետելով սպանության վայրում:
Մոսկվայի Քննչական կոմիտեի գլխավոր վարչությունում այս տեղեկատվությունը հաստատել են՝ ճշտելով, որ ինքնաձիգը գտել են սպանվածի մարմնից 300 մետր հեռավորության վրա: Սպանվածի մոտ կանգնած է եղել ավտոմեքենա, որում, նախնական տվյալներով՝ հայտնաբերել են գնդակների երեք հետք:
Հարուցվել է քրեական գործ «Սպանություն» եւ «Զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով: