ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ձյուդոյի եվրոպական միության մրցավարական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Յացկևիչին, որը մեր երկրում է՝ ՄՕԿ-ի համագործակցության ծրագրի շրջանակներում մասնագիտական սեմինարներ անցկացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է msy.am-ը
Նախարարը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել փորձի և մասնագիտական հմտությունները ձյուդոյի հայ մարզիչներին և մրցավարներին փոխանցելու համար: Կողմերը քննարկել են նաև մեր երկրում ձյուդո մարզաձևի՝ է՛լ ավելի զարգացման և տարածման տարբերակներն ու ուղիները:
Հյուրը նախարարին իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի առաջարկությամբ 2018 թվականի ձյուդոյի եվրոպական միության մարզչական և մրցավարական սեմինարը Հայաստանում կազմակերպելու համար:
Հրաչյա Ռոստոմյանը, ողջունելի համարելով նմանատիպ միջազգային մարզական սեմինարի անցկացման նախաձեռնությունը մեր երկրում, միաժամանակ խոստացել է նախարարության գործառույթների շրջանակներում աջակցել Հայաստանի հանրապետությունում այդ սեմինարի հաջող կազմակերպմանը և իրագործմանը: