Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն հայտարարել է, որ ընդունում է պաշտոնազրկման վերաբերյալ խորհրդարանի որոշումը, եւ խնդրել է կառավարությանը՝ վարչապետ Հվան Գյո Անի գլխավորությամբ, «վակուում» թույլ չտալ տնտեսության կառավարման մեջ եւ երկրի անվտանգության բնագավառում, տեղեկացնում է «Ռյոնհապ» գործակալությունը:
«Ես վճռականորեն ընդունում եմ երկրի խորհրդարանի եւ ժողովրդի ձայնը եւ անկեղծորեն ցանկանում եմ, որ վերջ դրվի ներկայիս քաոսին»,- ասել է նախագահը:
Ինչպես արդեն հաղորդվել է, Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավորները դեկտեմբերի 9-ին քվեարկել են երկրի նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման օգտին: «Կողմ» է արտահայտվել 234 պատգամավոր, «դեմ»՝ 56-ը, երկուսը ձեռնպահ են մնացել, եւս ութ ձայն անվավեր է ճանաչվել: Խորհրդարանում ներկա են եղել բոլոր 300 պատգամավորները:
Նախօրյակին ընդդիմադիր կուսակցությունները համապատասխան օրինագիծ էին ներկայացրել պատգամավորների քննարկմանը: Որպեսզի իմպիչմենտը կայանար, անհրաժեշտ էր, որ դրա օգտին քվեարկեր Ազգային ժողովի առնվազն 200 պատգամավոր:
Պակ Կըն Հեի լիազորություններն անհապաղ կկասեցվեն: Իշխանությունից նախագահի վերջնական հեռացման գործընթացը կավարտվի այն բանից հետո, երբ քվեարկության արդյունքները հաստատի Սահմանադրական դատարանը: Օրենքով այդ գործընթացին հատկացվում է մինչեւ վեց ամիս: Այդ ընթացքում երկիրը կառավարելու է վարչապետ Հվան Գյո Անը: Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման ընդունումից հետո Կորեայի Հանրապետությունում կանցկացվեն վաղաժամկետ նախագահական ընտրություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: