Անդրեյ Սախարովի անվան «Հանուն ազատախոհության» 2016 թվականի մրցանակը Եվրախորհրդարանի՝ դեկտեմբերի 13-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում հանձնվել է եզդիների էթնոդավանական խմբի ներկայացուցչուհիներին՝ Նադյա Մյուրադ Բազեին եւ Լամիյյա Աջի Բաշարին, որոնք ստրկացվել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից:

 

«Այս երկու կանայք, որոնք այստեղ, տրիբունայում, նստած են իմ կողքին՝ Նադյա Մյուրադը եւ Լամիյյա Բաշարը, հերոսուհիներ են: Նրանք անհավանական դաժանության են ենթարկվել: Նրանք բանտ են նետվել, փրկվել ու ապաստան գտել: Նրանք հաղթահարել են վախն ու տառապանքները եւ կարողացել են ապաստան գտնել մեզ մոտ՝ Եվրոպայում: Նադյա Մյուրադը եւ Լամիյյա Բաշարը այսօր պայքարում են նրանց համար, ովքեր մնացել են այնտեղ»,-մրցանակի հանձնման արարողությանը հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

 

2014 թվականի օգոստոսին ԻՊ-ի զինյալները հարձակվել էին իրաքյան այն գյուղի վրա, որտեղ ապրում էին այս կանայք: Տեղի բոլոր բնակիչներն սպանվել էին ահաբեկիչների կողմից: Երիտասարդ կանայք, որոնց թվում էին Նադյան եւ Լամիյյան, ինչպես նաեւ նրանց քույրերը, սեռական ստրության էին վաճառվել: Նադյային հաջողվել է փախչել 2014 թվականի նոյեմբերին, իսկ Լամիյյային՝ 2016 թվականի ապրիլին:

 

Ներկայում երկուսն էլ ապրում են Գերմանիայում եւ պայքարում են հանուն Իրաքի եզդիների իրավունքների, որոնք ԻՊ-ի ցեղասպանության օբյեկտ են դարձել, եւ կանանց՝ իսլամիստական ահաբեկչական խմբավորումների կողմից սեռական բռնության զոհերի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: