Հռոմում կանգնեցված Սուրբծննդյան տոնածառը հարուցել է Իտալիայի մայրաքաղաքի բազմաթիվ բնակիչների դժգոհությունը: Նրանց խոսքով՝ ծառը կարելի է ամենատգեղը համարել աշխարհում: Այդ մասին հայտնել է The Local պորտալը:

 

Հռոմի բնակիչներին դուր չի եկել, որ ծառն անճոռնի տեսք ունի եւ նրա բազմաթիվ ճյուղեր կախ են ընկած: Բացի այդ, այն աղքատիկ է զարդարված լուսաշղթաներով, իսկ գագաթին չկա սուրբծննդյան աստղը:

 

«Այն այնքան տգեղ է, որ ավելի լավ կլիներ ընդհանրապես չլիներ»,- Համացանցում գրել է տեղի բնակիչներից մեկը: «Եվ հետո զարմանում են, որ զբոսաշրջիկներն այլ քաղաքներ են ընտրում»,-հավելել է նա:

 

Տոնածառը կանգնեցվել է դեկտեմբերի 8-ին Հռոմի կենտրոնում գտնվող Պյացա Վենետիկ հրապարակում: Բացման արարողությանը ներկա է եղել քաղաքագլուխ Վիրջինյա Ռաջին: