Թուրքիայի «Մեծ միություն» կուսակցության (BBP) Էդիրնեի գրասենյակի ղեկավար Արիֆ Քյորօղլուն և որոշ քաղաքացիներ դատախազությունում հայց են ներկայացրել պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

 

Քյորօղլուն Էդիրնեի արդարադատության պալատի առջև լրագրողներին հայտնել է, որ «Փայլանը հրապարակայնորեն ժողովրդին դրդել է ատելության և թշնամանքի»: Նրա խոսքով' մեջլիսում «ցեղասպանություն» եզրույթի կիրառմամբ Փայլանը «նվաստացրել է թուրք ժողովրդին»:

 

Գարո Փայլանը հունվարի 13-ին սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկման ժամանակ «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու պատճառով իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից խիստ արձագանքի էր հանդիպել: Նրանից պահանջել էին հրաժարվել «ցեղասպանություն» բառից: Այն բանից հետո, ինչ Փայլանը հրաժարվել էր դա անել, նրան 3 նիստից հեռացնելու մասին որոշում էր կայացվել, իսկ նրա խոսքերը հանվել էին մեջլիսի արձանագրություններից:

 

Փայլանը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան' կատարվածը որակելով որպես իր պատգամավորական անձեռնմխելիության խախտում և խոսքի ազատության սահմանափակում: Բացի Սահմանադրական դատարան դիմելուց՝ հայ պատգամավորը դիմում է ներկայացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին՝ պահանջելով հետ կանգնել մեջլիսի կանոնակարգին հակասող որոշումից: