Քանի մոտենում են ընտրություններն ու հետզհետե պարզ է դառնում, որ հասարակությունը, միգուցե ի հեճուկս իշխանությունների սպասումների, այնքան էլ կարծես հակվածություն չի դրսևորում՝ «ուտելու իշխանական կտերն», այնքան իշխանական ճամբարից հնչող խոստումներն ու «հուսադրող» ելույթներն է՛լ ավելի են շատանում:

Մասնավորապես՝ տարբեր առիթներով այդպես էլ չեն դադարում հնչել հավաստիացումներ առ այն, որ, ասենք, շուտով Հայաստանը դառնալու է հայերի բնակության համար միակ պիտանի վայրն աշխարհում, որ եթե ժողովուրդը ևս մեկ անգամ իր վստահության քվեն տա Հանրապետականին, ապա վերջինս ջանք ու եռանդ չի խնայի՝ առաջիկա տարիներին շտկելու այն բոլոր բացթողումները, որ հնարավոր չի եղել այս ողջ ընթացքում վերացնել, ու էլի նմանատիպ ականջահաճո, բայց իրենց խորքում ոչ մի հիմք չունեցող հայտարարություններ:

Թե հասարակական կարծիքի ձևավորման վրա նմանօրինակ բաները որքանով են էֆեկտիվորեն ազդում, իհարկե, առանձին ուսումնասիրման առարկա պետք է դարձնել, բայց այն, որ հաճախ շատախոսելու փոխարեն երբեմն ավելի լավ է կոնկրետ գործերով ապացուցել սեփական խոստումների ուժը, անքննարկելի է:

Որքան էլ փորձ արվի՝ նախապես կազմած ելույթների տեքստերում Հայաստանի ապագան ներկայացնելու ամենավառ գույներով կամ հնչեցնելու խոսքեր, որոնց հեղինակներն անգամ իրենք իրենց ասածներին չեն հավատում, փաստը մնում է փաստ, որ միակ ռեալ ցուցանիշը ոչ թե դատարկ խոստումներն են, այլ՝ իրական գործերը:

Հայաստանում կոռուպցիայի բարձր մակարդակի մասին, թերևս, հայտնի է անխտիր բոլորին. բոլորն էլ գիտեն, որ ներկայիս անհույս վիճակի կարևորագույն պատճառներից մեկն էլ այն է, որ այս տարիների ընթացքում այդպես էլ կառավարություններին չհաջողվեց լուրջ պայքար տանել այս քայքայիչ երևույթի դեմ, քանի որ իրական քայլերի փոխարեն Հայաստանում նախընտրեցին, ասենք, կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ յուրատեսակ հանձնաժողովներ ու խորհուրդներ ստեղծել, որոնց օգտակար գործողության գործակիցն, ինչպես և ակնկալվում էր ի սկզբանե, հավասար եղավ զրոյի:

Օրերս, ինչպես հայտնի է, կառավարությունում գումարվել էր կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որին իրենց մասնակցությունն էին բերել նաև մի շարք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ասում են՝ նիստին հնչել են բավական հետաքրքիր առաջարկներ, նոր ու թարմ մտքեր են հղացվել և այլն՝ հանգամանք, որը, թերևս, չարժե թերագնահատել: Մի խոսքով՝ նիստն անցել է բավական ջերմ աշխատանքային մթնոլորտում:

Հարց է առաջանում, սակայն, ի՞նչ է ասել աշխատանքային ջերմ մթնոլորտ, մի՞թե այն իրենից ենթադրում է բացառապես տեսական բնույթ կրող առաջարկությունների ներկայացում համապատասխան պաշտոնյաներին, կամ որքանո՞վ է, առհասարակ, հնարավոր, նմանատիպ կառույցների միջոցով միանգամայն իրական պայքար մղել երկիրը ներսից կրծող ցեցի դեմ, որքան էլ դրանք մասշտաբային թվան. ոչ մի կերպ՝ իհարկե:

Իսկ ասվածում համոզվելու համար ընդամենը հարկավոր է ուշադրությամբ տնտղել այն իրականությունը, որում ապրում ենք մենք, անհամատեղելի կոնտրաստների այն աշխարհը, որում հայաստանյան հասարակությունը փորձում է սեփական ապագան կառուցել: Մեզ շրջապատող իրականությունն, ինչպես հասկանալի է, որևիցե աղերս չի կարող ունենալ դեկլարատիվ բնույթ կրող հայտարարությունների հետ, քանի որ այդ երկուսի միջև առկա է մի այնպիսի վիհ, որը մեկ ցատկով հաղթահարելն ուղղակի անհնարին է ցանկացած մեկի համար:

Այնինչ՝ կոռուպցիայի դեմ պայքարի շատ հեշտ ու փորձված մեթոդ կա. փոխարենը հավելյալ կառույցներ ստեղծելու ու այլ նմանատիպ ձևական բաներ անելու, հարկ է, որ միջին վիճակագրական չինովնիկն իր մեջ ուժ գտնի ու սեփական օրինակով ապացուցի, ասենք, նույն կառավարության ձգտումները՝ պայքարելու կոռուպցիայի դեմ: Երբ մի քանի հարյուր հազար դրամ ստացող չինովնիկը կառուցում է մի քանի հարյուր հազար դոլարանոց առանձնատուն, բոլոր պնդումներն այն մասին, թե երկրում կոռուպցիայի դեմ պայքար է գնում, կորցնում են իրենց ազդեցությունն ու իմաստազրկվում. չինովնիկը պետք է մեզնից մեկը լինի, այլ ոչ թե՝ արտոնյալ մեկն, ում հանցանքներն ու զանցանքներն, ի տարբերություն սովորական քաղաքացիների, ներվում են միշտ:

Այնպես որ՝ դժվար հնարավոր լինի կոռուպցիայի դեմն առնել, ասենք, լոկ պաշտոնյաների ունեցվածքի մասին հայտարարագրեր ներկայացնել պարտադրելով. դրանք կարելի է և կեղծել.այնպես չէ՞...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ