Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունը լքելու դիմումն արդեն ստացել է: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Անդրադառնալով հարցին, թե՝ կա՞ն արդյոք կուսակցությունը լքելու այլ դիմումներ, Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց. «Այլ դիմումներ չկան, բայց կարող եմ ասել, որ ունենք կուսակցությանն անդամակցելու շատ դիմումներ՝ հազարներով»:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, որ հեռանում է ՀՀԿ-ից, բայց շարունակելու է ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ․
«Շնորհակալ եմ իմ բոլոր կուսակցական ընկերներին՝ տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալ եմ ՀՀ պետական հաստատությունների նախկին ու ներկա պաշտոնյաներին, Հայաստանի մարզերի, քաղաքների ու գյուղերի նախկին ու ներկա պատասխանատուներին, մեր հազարավոր համաքաղաքացիներին բոլոր այն ձեռքբերումների համար, որոնց միասին ենք հասել: Թիմային աշխատանքը, թիմի յուրաքանչյուր անդամի արժանապատվությունը եղել և մնում են ինձ համար առաջնային: Անշուշտ, ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր և պետականամետ»։
Սոնա Հարությունյան