ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը Մեծ Բրիտանիա հունիսից տեղափոխվել է հոկտեմբեր: Այդ մասին հայտնել է The Sun բրիտանական թերթը:
Նրա տեղեկատվությամբ, պլանների փոփոխման հիմնական պատճառը դարձել է ամերիկյան վարչակազմի ղեկավարի այն մտահոգությունը, որ Միացյալ Թագավորություն իր ուղեւորությունը կուղեկցվի բողոքի ակցիաներով:
«ԱՄՆ-ի նախագահը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել են այցը հետաձգել մինչեւ աշուն, ակնկալելով, որ մինչ այդ կհանդարտվի բանավեճը ԱՄՆ-ի տարածք մուսուլմանական յոթ երկրների քաղաքացիների մուտքի արգելք սահմանելու Թրամփի փորձերի շուրջ»,-ասված է հոդվածում: Հրատարակության տեղեկատվությամբ, իր անհանգստությունը Թրամփը հայտնել է մոտավորապես երկու շաբաթ առաջ Մեյի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
Ավելի վաղ 1,86 մլն բրիտանացիներ դեմ էին արտահայտվել Միացյալ Թագավորություն Թրամփի այցին: Ամբողջ երկրով մեկ զուգահեռաբար բողոքի ակցիաներ են անցկացվել Թրամփի այցի դեմ, որոնց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: