15 եւ 13 տարեկան պատանի բադմինտոնիստները մարտի 22-25-ը Թել Ավիվում կմասնակցեն միջազգային մրցաշարի: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը:
«4 մարզիկներ կմեկնեն Իսրայել՝ մասնակցելու մրցաշարին: Նախորդ տարի տարբեր հարգի մի քանի մեդալ ենք ունեցել: Կարծում եմ' այս անգամ էլ մրցանակային տեղեր կզբաղեցնեն:
Ինչ վերաբերում է տղամարդկանց' մեր հիմնական բադմինտոնիստ Էդգար Նազարեթյանը նոր է վերադարձել բանակից եւ այժմ մարզվում է: Ցանկանում ենք, որ Էդգարը նույնպես մասնակցի միջազգային մրցաշարերի: Սակայն, դեռեւս լավ մարզավիճակում չէ»,-նշեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:
Հրաչյա Պողոսյանն ասաց, որ իրենք ցանկանում են մարզիչ հրավիրել արտասահմանից' հայ մարզիկների հետ սեմինար անցկացնելու համար: Ֆեդերացիան զբաղվում է նաեւ բադմինտոնի մասսայականացման հարցով:
«Ծրագրեր ունենք դպրոցներում: Միջոցառումներ ենք կազմակերպում, երեխաներին ռակետներ տալիս, մարզումներ անցկացնում: Այս ամենը կօգնի, որ երեխաներն ավելի լավ ծանոթանան բադմինտոն մարզաձեւին»: