ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ հետխորհրդային երկրներում օբյեկտիվ անհրաժեշտություն առաջացավ՝ վերագտնելու սեփական ինքնությունը, վերաարժևորելու ազգային գաղափարներն ու նախանշելու նպատակները, շատ երկրներ փորձեցին արագորեն պատասխաններ գտնել անսպասելիորեն առաջ եկած հարցերին, ու այդ երկրների ինտիլիգենցիայի առջև նոր մարտահրավերներ գոյացան, որոնցից կարևորագույնն ազգային գաղափարախոսության հարցն էր:
Այս իմաստով բավական արդյունավետ գտնվեց հատկապես Ռուսաստանն, ուր պուտինյան էպոխան շարունակում է առաանձնանալ ռուս ժողովրդի շրջանում ազգային ինքնագիտակցության բարձրացմամբ ու աշխարհում սեփական առաքելության վերագնահատմամբ: Սույն առաջադրանքը՝ ազգային գաղափարախոսության կերտումը, անկասկած, երբեք հաջողությամբ չէր պսակվի, եթե չլիներ ռուսական ինտիլիգենցիայի հզոր միտքն ու գրեթե անսպառ մտավոր ներուժը, որի օգնությամբ էլ իշխանություններին հաջողվեց անվստահության ու թերարժեքության ճահճից դուրս բերել ռուսական հասարակությանը:
«Վալդայ» միջազգային վերլուծական ակումբի մասին լսել են, թերևս, շատերը: Այն այսօր, առանց չափազանցության, հսկայական դեր ու նշանակություն ունի հատկապես ժամանակակից Ռուսաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթությունների սահմանման հարցում ու հանդիսանում է խոշորագույն վերլուծաբանների յուրատեսակ հավաքատեղի, ուր հնչող կարծիքների ու վերլուծությունների հետ հաշվի են նստում հատկապես Կրեմլում. ակումբն այս, ըստ էության, հենց Կրեմլի կողմից էլ ստեղծվել է՝ դառնալու որպես քաղաքագիտական մտքի յուրատեսակ կառափնարան:
Ինչպես հայտնի է՝ անցած շաբաթ Երևանում կայացել էր «Վալդայ» միջազգային վերլուծական ակումբի արտագնա նիստը՝ «Փոփոխությունների ժամանակը. անկանխատեսելիությունը գլոբալ դարաշրջանում» թեմայով, որին իրենց մասնակցությունն էին բերել ինչպես միջազգային մեծ հեղինակություն վայելող փորձագետներ, այնպես էլ մի շարք պաշտոնյաներ: Հատկանշական է, որ նման հավաք Հայաստանի մայրաքաղաքում առաջին անգամ էր կայանում, ինչը, բնականաբար, չի կարող խոսուն հանգամանք չհամարվել:
Չխորանալով նիստում կայացած քննարկումների ու դրանց արդյունքում կատարված եզրահանգումների բովանդակության մեջ, կցանկանայինք հասկանալ, թե ինչու, այնուամենայնիվ, Կրեմլում որոշեցին նման հեղինակավոր նիստի վայր ընտրել հենց Երևանն այն պարագայում, երբ նույն հաջողությամբ փորձագետները կարող էին հավաքվել, ասենք, Աստանայում, որը ԵՏՄ-ում համարվում է իր ազդեցիկությամբ երկրորդ մայրաքաղաքը՝ Մոսկվայից հետո: Հարց կարող է առաջանալ՝ կա՞ր, արդյոք, այս ամենում հստակ ուղերձ, թե՞, այնուամենայնիվ, կամայականորեն էր ընտրված հանդիպման վայրը:
Այս հարցին տրամաբանված պատասխան գտնելու համար նախևառաջ հարկավոր է հաշվի առնել մեկ բան. նմանօրինակ մասշտաբային միջոցառումների պարագայում պատահական ոչինչ չի լինում: Հետևաբար՝ անկասկած է, որ հանդիպման վայրը ևս պատահական չէր ընտրված ու, եթե կուզեք, սա յուրատեսակ ժեստ էր՝ ուղղված ինչպես ԵՏՄ անդամ երկրներին ու Հայաստանին, այնպես էլ վերջինիս հետ ակնհայտ թշնամական հարաբերությունների մեջ գտնվողներին. այս քայլով Մոսկվան մի կողմից ընդգծում է Հայաստանի նշանակությունն իր հետագա պլաններում ու փորձում բարձրացնել մեր երկրի դերն ինչպես ԵՏՄ-ի ներսում, այնպես էլ տարածաշրջանում, մյուս կողմից, դատելով նիստին հնչած մի շարք ելույթների ու, ասենք, ողջույնի խոսքերի բովանդակությունից ու դրանցում առկա տողատակերից, հստակ ուղերձ է հղում ազերիներին՝ չդիմելու արկածախնդրության ու չթեժացնելու առանց այն էլ ճգնաժամային վիճակում գտնվող հակամարտությունը: Կարճ ասած՝ գոնե այժմ Մոսկվայի աշխարհաքաղաքական շահերը թույլ չեն տալիս՝ Բաքվի առջև կանաչ լույս վառելու, թույլ տալու բավարարել դրա անմարդկային նկրտումները:
Անշո՛ւշտ, Մոսկվայի խաղաղասիրական ձգտումների արմատը շատ պարզ է, իսկ դրան նպաստող հանգամանքներն էլ տեսանելի. նախ՝ աշխարհաքաղաքական խոշոր խաղացողերը կարծես միմյանց միջև համաձայնեցրել են Մեծ Մերձավոր Արևելքում վարվող գեոպոլիտիկ մեծ խաղի հիմնական կանոնները, երկրորդ՝ Մոսկվան այլևս ստիպված չէ Անդրկովկասում առաջնայնության ղեկի համար ճակատ ճակատի տալ Արևմուտքի հետ. այնտեղ այլևս չեն էլ վիճարկում ՌԴ համար կարևորագույն այդ հարցը: Բացի այս՝ Սիրիայում պատերազմի ավարտը կարծես տեսանելի է, ու ավելորդ անգամ մտնել Թուրքիայի հետ առճակատման Անդրկովկասում, ու այդպիսով, հարցականի տակ դնել Սիրիայի մասով ձեռքբերված պայմանավորվածությունները, Կրեմլում որևիցե կերպ տրամադրված չեն:
Այնպես որ՝ այն տեսակետը, թե պատերազմի ուրվականը հետզհետե հեռանում է Անդրկովկասի, կարծես է՛լ ավելի ամուր հիմքեր է ստանում, իսկ այս պարագայում՝ որպես տարածաշրջանում Մոսկվայի հիմնական հենարան հանդես եկող Երևանն ուղղակի անփոխարինելի գործընկերոջ արժեք է ձեռք բերում տարածաշրջանային հիմնական խաղացող Ռուսաստանի համար:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ