ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 21-ին 1-ին ալիքին տված հարցազրույցը, որ, վստահաբար, դեռևս երկար կվերլուծվի, մի շատ հետաքրքրական առանձնահատկությամբ էր աչքի ընկնում. այն ամբողջովին նվիրված էր արցախյան հակամարտության կարգավորման խնդրին: Ու չնայած ֆորմալ առումով այս իրողությունը կարող է բացատրվել ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ունեցած նախընտրական ծրագրի առնձնահատկությամբ (հիմնական շեշտն այդ ծրագրում դրված է արցախյան խնդրի կարգավորման վրա), սակայն պարզից էլ պարզ է, որ առաջին նախագահի ելույթն ամենևին էլ իր կողմից ներկայացվող քաղաքական ուժի նախընտրական ծրագրերի ու ունեցած պլանների ներկայացում չէր լոկ, այլ հստակ պլանավորված մեսիջ՝ ուղղված բոլորին՝ թե՛ իշխանություններին, թե՛ հանրությանը, թե՛, ինչու ոչ՝ նաև միջազգային հանրությանը, որն իր ակտիվ մասնակցությունն է բերում մեր երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին:
Այս հարցազրույցով Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ էության, երկու հարց փորձեց լուծել. նախ՝ փորձում էր ապացուցել իր կողմից ներկայացվող քաղաքական ուժի պիտանելությունն իշխանություններին և ոչ միայն, երկրորդ՝ ինչ-որ իմաստով նաև կատարում իշխանությունների հանձնարականը՝ փորձելով միջնորդավորված կերպով հայաստանյան հանրությանը փոխանցել այն, ինչն իշխանություններն, ըստ էության, զգուշանում են անել. Տեր-Պետրոսյանը մաքսիմալ կերպով հասարակության առաջ բացեց խաղաքարտերն ու արցախյան խնդրի շուրջ ձևավորված իրավիճակը ներկայացրեց այնպես, ինչպիսին այն օբյեկտիվորեն այսօր կա:
Որպես հայկական կողմից կատարվելիք հնարավոր զիջումների հիմնավորում, զիջումների, որոնք, անկեղծ լինենք, ոչ մի կերպ չեն տեղավորվում Հայաստանի ու Արցախի ապագային վերաբերող հասարակական պատկերացումներում, Տեր-Պետրոսյանը բերում է Հայաստանի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները՝ Արցախյան չլուծված հակամարտությունը համարելով այդ ամենի բուն պատճառ ու իր կողմից երաշխավորում, որ Հայաստանը շարունակելու է չարքաշ կյանքով ապրել այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել հակամարտությունը:
Բուն խնդիրը, որ ծագում է ու գլխավոր անջրպետը, որ առաջ է գալիս Տեր-Պետրոսյանի ու հասարակության գերակշիռ հատվածի պատկերացումների միջև, այն գինն է, որը Տեր-Պետրոսյանն առաջարկում է վճարել: Վերջինս, ըստ էության, կոչ է անում Երևանին՝ համաձայնել Բաքվի պահանջների հետ ու բավարարվել Արցախի՝ Ադրբեջանի կազմում ինքնավարությամբ՝ գումարած Լաչինի միջանցքն, իհարկե՝ վստահեցնելով, որ եթե նույնիսկ հազար տարի էլ անցնի, սրանից առավել՝ հայկական կողմը երբեք չի կարող ստանալ, ու ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանն այլ տարբերակի չի համաձայնի, այլև այն, որ միջազգային հանրությունը միջազգային իրավունքի տեսանկյունից մեզ ուրիշ ոչինչ չի կարող առաջարկել: Տեր-Պետրոսյանը, փաստորեն, ի լուր աշխարհի հայտարարեց, որ այս հակամարտությունում տուժող կողմն ու իրավացի կողմը Բաքուն է, որի օգտին են խոսում բոլոր միջազգային կոնվենցիաները, ՄԱԿ-ը, բոլորն, իսկ Հայաստանը նույն այդ միջազգային հանրության տեսանկյունից ընդամենն ագրեսոր է:
Հարց է առաջանում՝ Լևոն Տեր-Պետրոսյանն իրո՞ք այդպես է մտածում, իրո՞ք կարծում է, որ մեր պայքարն արդար չէ ի սկզբանե, և որ Բաքուն այս ամենում բուն տուժող կողմն է, թե՞ դիտավորյալ սահմանում է մի գերցածր նշաձող, որպեսզի ապագայում հայկական կողմի նույնիսկ ամենաաննշան ձեռբերումն էլ այս հարցում հասարակության կողմից ընկալվի մեծ առաջընթաց ու իրագործում հայկական երազանքների: Ասել կուզի՝ արդյոք այս ամենը նուրբ հոգեբանական խաղ չէ՞ Տեր-Պետրոսյանի կողմից տարվող՝ հասարակությանն ինչ-որ բանի նախապատրաստելու համար: Քանի որ ակնհայտ է՝ եթե ապագայում, իսկ ոմանց պնդմամբ՝ ամենամոտ ապագայում, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվելիք համաձայնագրի բովանդակությունը որևիցե կերպ չտարբերվի Տեր-Պետրոսյանի հնչեցրած թեզերից, ապա ստացվելու է, որ մեր տասնամյակների պայքարը զուր էր, իսկ տված զոհերն էլ՝ չարդարացված:
Ճիշտ է՝ առաջին նախագահն իր խոսքում բավականին հմուտ կերպով ու իսկական դիվանագետին հարիր ճարպկությամբ փորձում էր նույնիսկ թերությունները ներկայացնել որպես առավելություններ, սակայն փաստ է, որ նմանատիպ պնդումներն անհիմն են. Լաչինի միջանցքի՝ հայկական կողմի վերահսկողության տակ մնալու հանգամանքը, Արցախի ինքնորոշումն Ադրբեջանի կազմում, հարցի շուրջ հանրաքվեի անցկացումը, Ադրբեջանի կողմից այն փաստի ընդունումը, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրող երկրները՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ու հակամարտող կողմերը դառնալու են այս համաձայնագրերի իրականացման երաշխավորները, ինչը փաստացի լեգիտիմացնելու է Արցախի երաշխավորի՝ Հայաստանի դերը, Տեր-Պետրոսյանի համոզմամբ, լիովին բավարար պետք է համարվեն՝ ստորագրելու մի փաստաթղթի տակ, որն իբր մեծ առաջընթաց է 1988-ի համեմատ:
Այսինքն՝ Տեր-Պետրոսյանը որպես ելակետ է ընդունում 88 թվականը՝ վստահ լինելով, որ այս տարիների ողջ մաքառումը, դիվանագիտական աշխատանքը և մնացած ամեն բան՝ զուր էին, ինքնաներշնչանքից բխած գործողությունների շարան, մեր իսկ կողմից հորինված հեքիաթին հավատալու հետևանք, որոնք, բացի դժբախտությունից ու հետընթացից, ուրիշ ոչինչ չեն տվել Հայաստանին:
Տեր-Պետրոսյանի խոսքում, սակայն, մի շատ հետարքրիր մեսիջ ևս կար՝ ուղղված իշխանություններին: Որպես իրավիճակից յուրատեսակ ելք՝ Տեր-Պետրոսյանը մի հետաքրքիր ճանապարհ է առաջարկում, ճանապարհ, որն, ինչպես ինքն է պնդում, աշխատող տարբերակ է ու որն իր իսկ կողմից փարձարկված է. ֆիքսելով, որ Հայաստանը պարտադրված է լինելու գնալ անցանկալի զիջումների ոչ թե այն բանի համար, որ այդպես ցանկանում է Ալիևն, այլ միայն այն պատճառով, որ դա է պահանջում այսօր միջազգային հանրությունը՝ Տեր-Պետրոսյանը հավաստիացնում է՝ Հայաստանը կարող է գլուխն ազատել իր դեմ բանեցվող ճնշումներից, եթե աննախադեպ նախաձեռնողականություն ցուցաբերի ու տեղում համաձայնի ստորագրել համապատասխան փաստաթուղթը: Այդ պարագայում, Տեր-Պետրոսյանն ուղղակի վստահ է՝ Ալիևն ինքը հետ կկանգնի փաստաթուղթ ստորագրելու մտքից, ու այդպիսով՝ ողջ միջազգային ճնշումը կուղղվի Բաքվի դեմ: Իհարկե, պետք է նկատել՝ յուրատեսակ մոտեցում է, սակայն հարցն այստեղ մեկ այլ բանում է. արդյոք Ալիևը կուլ կտա՞ այս խայծը, թե՞ ոչ: Սա, թերևս, մի փոքր ազարտային մոտեցում է ու ոչ մի իրական երաշխիք չի կարող տալ հայկական կողմին:
Անկախ այն բանից, թե ով ինչպես կվերաբերվի առաջին նախագահի հարցազրույցում հնչած թեզերին, մտքերին, նախանշած ճանապարհներին, մի բան ակնհայտ է՝ այս ամենը ներսից հյուծվող պետության կողմից գործադրվող ճիգեր են հիշեցնում՝ ջրի երեսին մնալու համար: Իհարկե, նույն Տեր-Պետրոսյանն, ինչպես վերը նշեցինք, որպես Հայաստանի թերզարգացվածության հիմնական պատճառ՝ համարում է չլուծված հակամարտությունը, բայց աշխարհում քիչ չեն օրինակները, երբ չլուծված հակամարտություն ունեցող պետությունները, շնորհիվ ներքին ուժերի համախմբման, կարողացել են ոչ միայն զարգանալ, այլև առավելություն են ստացել իրենց հակառակորդի նկատմամբ՝ ստիպելով նրան ճանաչել դե ֆակտո գոյություն ունեցող կացությունը: Այս իմաստով, պետք է նկատել՝ Հայաստանը վաղուց է կորցրել իր շանսն ու եկել-հասել է մի կետի, երբ փիլիսոփայելուց զատ՝ ուրիշ ոչինչ անել չի կարելի: Իսկ թե ինչու ամեն բան հենց այսպես ստացվեց, խոսակցության միանգամայն այլ թեմա է:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ