Հայաստանի ընդդիմադիր եռյակի ուժերից մեկի' «Հայ ազգային կոնգրես»-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նախանձախնդրորեն պաշտպանում է Հայաստանի իշխանությունների' Եվրասիական տնտեսական միությանը միանալու քայլը: Տեր-Պետրոսյանը համաձայն չէ հնչող տեսակետների հետ, թե անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանն ամբողջությամբ կորցնում է ինքնիշխանությունը և սուվերենությունը:
Ազատության հրապարակում եռյակի հանրահավաքի ընթացքում իր ելույթում ՀԱԿ առաջնորդն ընդգծեց, որ ինքնիշխանությունը ոչ այլ ինչ է, քան ինքնորույուն որոշումներ կայացնելու իրավունք: «Իմ կարծիքով' չափազանցված են խոսակցություններն այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով՝ Հայաստանը կորցնում է սուվերենությունն ու ինքնիշխանությունը: Ինքնիշխանությունը ոչ այլ ինչ է, քան ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը: Ցանկացած պետություն, անդամակցելով որևէ միջազգային կազմակերպության, սեփական կամքով որոշակի որեն կորցնում է իր ինքնիշխանությունը, որովհետև այդ կան կանոնադրություններ, որոնք որևէ պետություն չի կարող խախտել:
Անգամ եթե Հայաստանը ստորագրեր ոչ թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, այլ Եվրոպակակն միության ասոցացման համաձայնագիրը, կամ անդամակցեր Եվրոպական միությանը, միևնույնն է՝ կորցնելու էր իր ինքնիշխանությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա ևս մեկ անգամ վերահաստատեց իր խոսքերն այն մասին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն արդեն անշրջելի գործընթաց է, որի հետ պետք է համակերպվել՝ ջղաձգվելու և սուգ անելու փոխարեն: «Բանականությունը չկորցրած ցանկացած մարդու համար Ուկրաինայի իրավիճակը պետք է բավարար լիներ հասկանալու համար, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը անշրջելի գործընթաց է:
Ես համոզված եմ, որ Ուկրաինան ժամանակի ընթացքում կկարողանա վերականգնել նախկին հզորությունը, ապա եթե Ուկրաինայում տեղի ունեցածի մեկ տասներորդը լիներ Հայաստանի հետ, մեր երկիրը հիմա ջնջված կլիներ աշխարհի քարտեզից»,- նկատեց ՀՀ առաջին նախագահը:
Անդրադառնալով խոսակցություններին, թե Ռուսաստանը թելադրող կարգավիճակ է ունենալու ԵՏՄ-ում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ ցանկացած միջազգային կազմակերպությունում էլ կան թելադրող պետություններ: «Օրինակ՝ ՄԱԿ-ում թելադրող են վետոյի իրավունք ունեցող երկրները, նույն Եվրամիությունում թելադրող են Ֆրանսիան և Գերմաինան, և մենք ամեն օր տեսնում ենք, թե այդ երկու երկրները ինչպիսի բարդ իրավիճակի մեջ են դնում Բուլղարիային, Ռումինիային և առավել ևս Հունաստանին»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
ՀՀ նախկին նախագահի խոսքով՝ տարօրինակ է այն հանգամանքը, որ Արևմուտքը ըմբռնումով է մոտենում Հայաստանի կատարած ընտրությանը, մինչդեռ երկրի ներսում որոշ մարդիկ փորձում են հակառակ տրամադրություններ ստեղծել, որն իրականում չկա և չի էլ լինելու: Լևոն Տեր-Պետրոսյանը նկատեց, որ եթե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը դեմ տրամադրություններ լինելին, դա կերևար: «Իրականում որոշ մարդիկ փորձեցին դեմ տրամադրություն ստեղծել, սակայն երկու-երեք տասնյակից ավել մարդ հավաքել չկարողացան»,- նշեց նա:
Նա ընդգծեց, որ պետք չէ թևաթափ լինել, հուսահատվել և վհատվել այն ընտրությունից, որը կատարել է Հայաստանը, այլ հարկավոր է, օգտվելով ԵՏՄ-ի ընձեռած հնարավություններից, լծվել երկրի շենացման գործին:
Ի դեպ, եռյակի ուժերը ներքին պայմանավորվածություն ունեին հանրահավաքի ընթացքում չխոսել արտաքին քաղաքականությունից, սակայն Տեր-Պետրոսյանը խախտեց այդ պայմանավորվածությունը, որն ակնհայտորեն դուր չեկավ եռյակի մյուս ուժերին, մասնավորապես «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: