Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունքի մարզի Սևան քաղաքում էր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Մինչ նրա ելույթը, հարթակին էր երգիչ Արսեն Գրիգորյանը, ով իր երգացանկով ներկայացավ սևանցիներին:
Գագիկ Ծառուկյանը տեղի բնակիչներին ներկայացրեց Դաշինքի համար առաջնահերթություն համարվող 15 կետերը՝ ավանդների վերադարձման, թոշակների բարձրացման, արտագաղթի տեմպերի օրեցօր աճման մասին: Անդրադարձավ նաև բանկային և վարկային համակարգին, կուտակային կենսաթոշակային համակարգի սառեցման այսրոպեական անհրաժեշտության մասին:
Գագիկ Ծառուկյանը ելույթի ժամանակ խոսելով առողջապահական համակարգի խնդիրների միասին, նշեց, որ Եղեգնաձորում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ մի սրտառուչ տեսարանի է ականատես եղել. «Երեկ 85 տարեկան տատիկ է ինձ մոտեցել. ամուսինը մահացել է, ընտանիքը դրսում է, ոտքը երկու տեղից կոտրվածքով: Հիվանդանոց է գնացել, 100 հազար դրամից ավելի գումար են ուզել՝ պետպատվեր չկա, տատիկն էլ փոռ-փոշման հետ է եկել: Ինչպե՞ս կարող էի այդպես թողնել նրան, ո՞վ կթողներ այդպես մնա. 85 տարեկան կինը, կարծում եմ՝ ցանկացած մարդու, որ դիմեր, այդ գումարը կտար, չէր թողնի ցավերի մեջ մնար»,-ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ հայտարարեց նա:
Ծառուկյանը հիշատակեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարությունը, թե իր կողմից խոստումները՝ բնակչությանը այս կամ այն հարցով օգնելու, ոչ այլ ինչ են, քան ընտրակաշառք: Բայց Ծառուկյանի խոսքով՝ գիշերն իր քունը չէր տանի, եթե տատիկին օգնած չլիներ, հաջորդ իսկ օրը հանձնարարել է տատիկի առողջական խնդիրների լուծման հարցը կարգավորել, սակայն պնդում է՝ դա ընտրակաշառք չպետք է դիտարկել, քանի որ ինքը բարերար է և չի կարող անտարբեր անցնել ուրիշի ցավի կողքով:
Ըստ այդմ՝ Ծառուկյանը տեղեկացրեց, որ «Ծառուկյան» դաշինքն իր ուշադրության կենտրոնում է պահում առողջապահության համակարգի փոփոխությունը, քանզի այնպես, ինչպես այսօր է, շարունակել չի կարելի. ամբողջ ազգը հիվանդ է, որովհետև փող չունի բուժվելու համար: Անձամբ իր կողմից մշակված 15 կետերում ամրագրված է, որ պետպատվերը կլինի ավելի արդյունավետ, քանի որ մարդկանց սերտիֆիկատներ կտրվեն, որպեսզի նա այդ սերտիֆիկատով ինքը որոշի, թե որտեղ է բուժում ստանալու: Բացի այդ, ամեն մարզում անվճար սպասարկմամբ հիվանդանոցներ են գործելու, իսկ ներդրումները հնարավորություն կտան ավելացնել բուժաշխատողների աշխատավարձերը:
«Ես չեմ ասում՝ ինձ ձայն տվեք: Ասում եմ՝ ում հավատում եք, նրան էլ ձայն տվեք: Բայց իմացեք, որ ձեր ընտրությունից է կախված ձեր ապագան ու առաջիկա հինգ տարիները»,- ասաց նա:
Ելույթն ավարտելուց հետո Ծառուկյանին դիմեց մի սևանցի տղամարդ ու հիշելով Տիգրան Մուկուչյանի մասին ասվածը, դժգոհեց՝ այնպես են խառնել ընտրակարգը, որ ինքը չգիտի, թե ում ընտրի՝ իր ուզած թեկնածուին, թե կուսակցությանը. «Մուկուչ, ընենց արա, որ ես գնամ, իմ ուզած մարդուն ընտրեմ ու իմ ուզած կուսակցությանը, ոչ թե՝ մեկին ընտրեմ, ավտոմատ կուսակցությունն ընտրվի»,- հայտարարեց նա:
Գագիկ Ծառուկյանն էլ բացատրեց մի քիչ խճճված ընտրակարգի նրբությունները.
«Մի ընտրություն պետք է անեք, երկուսը չեք կարող: Այսօր թեկնածուն կարող է ձեր բարեկամն ու ծանոթն է, ու նրան ընտրեք, բայց երբ պատգամավորի թեկնածուին ձայնը տաս, ապա, համապատասխանաբար, ձայնը տալիս ես նաև այն քաղաքական ուժին, որից նա առաջադրված է: Կարող է՝ պատգամավորի թեկնածուն շատ լավ մարդ է, բայց իրեն ձայն տալիս՝ ձայնը կգնա այն կուսակցությանը, որին կարող է՝ չեք էլ ուզում ընտրեք, բայց այդպես է օրենքը: Դրա համար՝ ճիշտ որոշում կայացրեք, արդար ընտրություն արեք, պարտադրողներին էլ ասեք «այո», վատամարդ մի դառեք, բայց ընտրեք այն ուժին, որը կարող է պայման ու հնարավորություն ստեղծել, ձեզ համար գործ անել: Այդպես ընտրություն կատարեք ու պահանջեք, այլապես չեք էլ կարողանալու պահանջել ու ավելի վատ է լինելու երկրի վիճակը: Ըտրեք ոչ թե անձի, այլ համակարգի»,- հորդորեց Գագիկ Ծառուկյանը, մինչ սևանցիները վանկարկում էին «Ծա-ռու-կյան»: