Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքը մարդաշատ էր, կապանցիները դուրս էին եկել դիմավորելու «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրականացվող քարոզարշավի շրջանակներում հանդիպում էր կազմակերպել տեղի բնակիչների հետ:

 

 

Գագիկ Ծառուկյանը կապանցիներին ներկայացրեց դաշինքի կողմից ներկայացված ծրագրային տասնհինգ կետերը, ներդրումային ծրագրերը և իր առաջնորդած դաշինքի քաղաքական տեսլականը:

 

 

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ թոշակները քսանհինգ հազար դրամով ավելացնելուն, ավանդների վերադարձմանը, մարզերում սպորտային և մշակութային կյանքի աշխուժացման ծրագրերին:

 

«Բոլոր խնդիրները մենք գիտենք, բոլոր խնդիրներին տիրապետում ենք ի տարբերություն այն մարդկանց, որ անգիր արած հայտարարություններ են անում ու հույս ունեն դրանով երկիր պահել ու կառուցել: Հայաստանում այսօր փոքր ու միջին բիզնեսը խայտառակ վիճակում է: Ժողովրդի 60 տոկոսը փոքր ու միջին բիզնեսով է ապրում, բայց դրա կշիռը ընդամենը 1 տոկոս է կազմում: Եթե այսպես շարունակվի, ապա մեկ տարուց փոքր ումիջին բիզնեսի կշիռը բյուջեում կլինի 1 տոկոսից էլ ցածր»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ հայտարարեց նա:

 

 

Իր ելույթի ընթացքում Գագիկ Ծառուկյանը նաև հիշեցրեց, որ ինքը չի մոռացել իր խոստումը՝ երեխաների համար նախատեսված ջրաշխարհի վերաբերյալ. «Տեղը չտվեցին, ասացին՝ ինչ-որ բնակարան են ուզում կառուցել, բայց մինչև այսօր այդ տեղը քանդված մնացել է: Ասում եմ՝ չեն անում, չեն էլ թողնում ուրիշն անի: Այնպես որ՝ իմացեք՝ դա չեմ ասել որպես ընտրություններից հետո խոստում, այլ ասել եմ, որպես Ղափանին նվեր: Այսօր էլ եմ ասում՝ անկախ ընտրություններից, դուք մեր պատգամավորին ասեք, թե ինչ է պետք, եթե վերադասից թույլտվություն լինի՝ կիրագործեմ: Այս մարզի համար ես բան չեմ արել, բայց ուզել եմ անել: Սիսիանի համար մեծ մարզադպրոց եմ կառուցել, վաղը կարող եք գալ, բացմանը մասնակցել, այն իմ կողմից բոլորովին անվճար, նվեր է այս մարզի ժողովրդին:

 

 

Գագիկ Ծառուկյանը ելույթի ավարտին դիմելով ժողովրդին՝ կրկնեց. «Եթե թույլտվություն չեն տալիս, ես որտե՞ղ կառուցեմ»:


Կապանում Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև նախընտրական կրքերին, որոնցից անմասն չի մնացել նաև Սյունիքի մարզը: Նա նշեց, որ այսօր մարդկանց ահաբեկում են, թե աշխատանքից կազատեն, եթե իրենց օգտին ընտրություն չկատարեն, բայց և հորդորեց. «Մարզպետը լինի, քաղաքապետը լինի, թե կոմբինատի տնօրենը' ոչ մեկին խաթր մի արեք ու մի վախեցեք, գնացեք ընտրության ըստ սեփական ցանկության ու որոշման, այլապես՝ հաջորդ տարիներին ավելի վատ է լինելու: Նրանք բոլորը քամի են անում իրենց տեղը պահելու համար, իրենց գործին մնալու համար: Եթե բան փոխվի' առաջինը իրենք են դուրս գալու, որովհետև իրենց նշանակել են, որ մարդկանց մատից փուշ հանեն, ոչ թե մարդկանց ահաբեկեն ու մտածեն, թե ամբողջ կյանքում լինելու են այդ պաշտոնին»,- հայտարարեց նա: