ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն հրամանագիր է ստորագրել կլիմայի փոփոխության դեմ պայքարի վերաբերյալ իր նախորդի՝ Բարաք Օբամայի ընդունած միջոցները չեղյալ հայտարարելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Արարողությունը տեղի է ունեցել Շրջակա միջավայրի պահպանության համապետական գործակալությունում: Թրամփը կարծիք է հայտնել, թե Օբամայի որոշումը վնաս է հասցնում ԱՄՆ-ի էներգետիկային եւ նրանց, ովքեր աշխատում են այդ ոլորտում: Ստորագրումից առաջ նա հայտարարել է «ամերիկյան էներգետիկայի նոր դարաշրջանի» սկսվելու մասին:
«Հրամանագիրը, որն այսօր ես ստորագրում եմ, վերացնում է չափից դուրս ֆեդերալ հսկողությունը, երկար ժամանակ ի վեր առաջին անգամ այն մեր աշխատողներին թույլ կտա զարգանալ, մրցակցել եւ հաղթել հավասար մրցակցության պայմաններում»,- մեջբերում է գործակալությունը Սպիտակ տան տիրոջ խոսքը:
2015 թվականին Օբաման հրամանագիր էր ստորագրել էլեկտրակայանների արտանետումները մթնոլորտ կրճատելու եւ մեթանի արտանետումների եւ շերտի հիդրավլիկ ճեղքման (ֆրեքինգի) մեթոդով նավթի եւ գազի արդյունահանման սահմանափակումներ մտցնելու պահանջներով:
Լուսանկարը' REUTERS