ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է որ ՆԱՏՕ-ն հնացած կազմակերպություն է: Այդ մասին նա ասել է Times եւ Bild թերթերին տված հարցազրույցում:
«Ես արդեն վաղուց եմ ասում, որ ՆԱՏՕ-ում խնդիրներ կան: Նախ, այն հնացած է, որովհետեւ նախագծվել է շատ-շատ տարիներ առաջ, երկրորդ, երկրներն այլեւս չեն վճարում այն, ինչ պարտավոր են վճարել»,- նշել է Թրամփը:
Նաեւ, Թրամփի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն բավարար ուշադրություն չի դարձնում ահաբեկչությանը, եւ դա այն թերությունն է, որը մատնանշում է, որ դաշինքը հնացել է:
Ընտրված նախագահը ճշտել է, որ այժմ ՆԱՏՕ-ի անդամ միայն հինգ երկրներ են պաշտպանության վրա ծախսում այնքան, որքան հարկավոր է: Դրանց թվում նա նշել է Մեծ Բրիտանիան: Ընդ որում, Թրամփի խոստովանությամբ, չնայած այս ամենին ՆԱՏՕ-ն «շատ կարեւոր» է իր համար:
Թրամփը ԱՄՆ-ի նախագահ է ընտրվել 2016 թվականի նոյեմբերի 8-ին, նրա պաշտոնակալության արարողությունը նշանակված է հունվարի 20-ին: