Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս հայտարարել էր, որ ահաբեկչության դեմ պայքարում պետք է ներգավված լինեն հնարավորինս շատ երկրներ: Ի պատասխան Պուտինի այս հայտարարության` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կիսում է ՌԴ նախագահ Պուտինի տեսակետն այս հարցում և Հայաստանը պատրաստ է աջակցել Ռուսաստանին՝ ընդդեմ ահաբեկչության:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը դրական գնահատեց նախագահի այս հայտարարությունը՝ շեշտելով, որ Հայաստանը կարող է իր մասնակցությունը ցուցաբերել ահաբեկչության դեմ պայքարին այն չափով, ինչքան ներուժ ունի. «Իսլամական ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանը կարող է իր ներդրումն ունենալ: Ես չեմ կիսում տեսակետը, թե մեր ներուժն այնքան փոքր է, որ չենք կարող որևէ դրական արդյունք արձանագրել: Մյուս կողմից՝ ահաբեկչության դեմ պայքարին միանալով, կակտիվանա նաև ՀԱՊԿ գործառույթը, չէ՞ որ այս վերջին շրջանում հաճախ է խոսվում, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջև կան տարաձայնություններ և նրանք լավ չեն աշխատում»:
Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանի մասնակցությունը ահաբեկչության դեմ պայքարին՝ չի վտանգի Սիրիայում գտնվող հայ համայնքի անվտանգությունը, այլ ընդհակառակն՝ ավելի կուժեղացնի նրանց. «Մենք Սիրիայում մեր մասնակցությունն արդեն ունեցել ենք հումանիտար օգնություն ուղարկելով, հիմա եկել է ժամանակը նաև մասնակցելու ռազմական գործողություններին, իհարկե՝ մեր չափով: Իսկ այժմ, ներգրավվելով պայքարին, հնարավորություն կստանանք առավել շատ օգնել նրանց»:
Դիտարկմանը՝ ահաբեկչության դեմ պայքարին ուղղված գործողություններին մասնակցելու՝ Հայաստանի պատրաստակամությունը գուցե պարտադրվա՞ծ քայլ է ՌԴ նախագհի կողմից, փորձագետը պատասխանեց. «Ես կասեմ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոմից ոչ թե պահանջ, այլ խնդրանք է եղել: Սա ՀԱՊԿ անդամ պետությունների գործողություններն ավելի կենտրոնացնելու նպատակ ունի: Իսկ Հայաստանի նախագահի այս հայտարարությունը պետք է դիտարկել որպես ՀԱՊԿ գործողությունները համակարգելու միտում: Սա Հայաստան-Ռուսաստան համագործակցության առավել լայն ֆորմատ է, որը ես ողջունում եմ»:
Աղավնի Սուքիասյան