ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները կջանան գունավոր հեղափոխություններ թույլ չտալ ինչպես երկրի ներսում, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ-ի) պետություններում:

«Մենք գիտենք զանազան տեսություններ, որոնք իրականացվում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում եւ լուրջ ապակայունացման հանգեցնում այդ տարածաշրջաններում: Անշուշտ, ոչ մի նման բան չպետք է թույլ տանք եւ ամեն կերպ կջանանք պաշտպանել ՀԱՊԿ-ի գծով մեր գործընկերներին»,- ասել է Պուտինը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

«Գունավոր հեղափոխություններն» իշխանափոխության գործընթացների հավաքական անվանում է, ինչպիսիք են «վարդերի հեղափոխությունը» Վրաստանում, «վարդակակաչներինը»՝ Ղրղզստանում, «նարնջագույնն» Ուկրաինայում, «հասմիկներինը» Թունիսում եւ «լոտոսներինը» Եգիպտոսում: Որպես կանոն, դրանք սկսվում են խաղաղ հանրահավաքներով եւ վերածվում կոշտ դիմակայության իրավական շրջանակների սահմաններից դուրս: Այդ գործողությունների նպատակը, որոնք հիմնականում հրահրվում են դրսից, պետության ղեկավարության փոփոխումն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: