Եկե՛ք անկեղծ լինենք. միակ բանը, որով նախարար Արմեն Ամիրյանն այս ամիսներին հասցրել է աչքի ընկնել, սեփական գործարարական ջիղն ի ցույց դնելն է եղել: Իհարկե, միգուցե ոմանց համար սույն երևույթն առաջին հայացքից կարող է այնքան էլ սարսափելի չթվալ, սակայն սույն երևույթի մասին գնահատականներ հնչեցնելիս հարկավոր է հաշվի առնել մի բան՝ այն, թե հատկապես ինչ տեսքով է այս կամ այն ջիղն այս կամ այն մարդու մոտ դրսևորվում և կամ, առհասարակ, արժե՞ արդյոք, որ այն տվյալ դեպքում առհասարակ որևիցե կերպ դրսևորվի:

 

Մասնավորապես՝ հիմա էլ պարզվում է՝ Ամիրյանը որոշել է յուրատեսակ առևտրի առարկա դարձնել մի շարք պատմական արժեք ներկայացնող հուշարձաններ. Վայոց ձորի մարզի Գնիշիկի համայնքի վարչական տարածքում գտնվող «Մագելի», Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արենի 1» («Թռչունների»), Արփի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արջերի», «Մոզրովի» և Արագածոտնի մարզի Աղձք համայնքի վարչական տարածքում գտնվող «Քարե դռներ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները վարձակալության տրամադրելու մրցույթ է հայտարարարվել:


Բանն այն է, որ գաղափարն ինքնին՝ կարող է ոմանց այնքան էլ անհեթեթ չթվալ. զբոսաշրջության նպատակով վարձակալության են փորձում հանձնել հուշարձանները՝ դրանցից եկամուտ ստանալու նպատակով: Սակայն բանն այն է, որ ռիսկերը, որոնք առաջանում են այս ամենի հետ կապված, չափազանց շատ են. միայն այն, որ հստակ ռիսկեր կան, որ դրանք կարող են ավերվել, ու շահառուները դրանք կարող են վերաձևել ըստ իրենց ճաշակի, նախաձեռնությունն այս՝ արդեն իսկ դարձնում են կասկածելի: Բացի դա՝ Հայաստանում բացակայում են անհրաժեշտ չափորոշիչներն ու օրենսդրական բազան, առանց որոնց՝ այս ամենը կարող է կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ տվյալ հուշարձանների համար: Վերջապես, պետք չէ մոռանալ, որ սա Հայաստանն է, ուր վերահսկողությունը շատ ու շատ ոլորտներում զուտ ձևական բնույթ է կրում:

 

Թե ինչ ճակատագրի կարժանանան վերոհիշյալ հուշարձանները, իհարկե, ժամանակը ցույց կտա, բայց՝ որ Ամիրյանի բիզնես նպատակները կարող են մի օր իսկական աղետ դառնալ հայ մշակույթի գլխին, ակներև է: Չմոռանանք Օպերայի հետ կապված տխրահռչակ պատմությունը. թեման, ի դեպ, դեռևս փակված չէ:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ