Տարին, կարծեք թե, վատը չէ գյուղատնտեսության համար, եղանակն էլ առայժմ բարենպաստ է: Եթե այսպես շարունակվի, ծիրանի առատ բերք կլինի, թեև սաստիկ ձմեռը որոշ չափով վնասել է ծիրանենու մատղաշ շիվերը: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հույս հայտնեցին Արտենի և Հացիկ համայնքների ղեկավարները:
Մեզ հետ զրույցում Արագածոտնի մարզի Արտենի համայնքի ղեկակար Գեղամ Խլղաթյանը նշեց՝ այս տարի լավ բերք է սպասվում. «Չնայած որոշ մասնագետների ասելով՝ աշնան ցրտահարությունից, ձմռան երկարատևությունից ծիրանի այգիներին որոշ վնաս պատճառվել է, սակայն չեմ կարծում, որ լուրջ վտանգ կա: Հույս ունենք՝ լավ բերք ենք ունենալու»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ծիրանենին իրենց մոտ դեռևս չի ծաղկել:
Արմավիրի մարզի Հացիկի գյուղապետ Արթուր Եղիազարյանն էլ ընդգծեց, որ այս տարի ամեն ինչ լավ է, ծառերն արդեն ծաղկել են, փոշոտում է տեղի ունեցել. «Այս պահին նորմալ է, հետագայում՝ չեմ կարող ասել: Եթե այսպես շարունակվի, բերքատվությունը շատ կլինի: Մենք մինչև 3000 տոննա բերք ենք ունենում: Կարկուտից պաշտպանելու համար կարկտակայան ունենք, աշխատում է, որքան հնարավոր է՝ պաշտպանում է: Տեսնենք՝ ինչպես կլինի, Աստծո հույսին է»,- նշեց գյուղապետը:
Սոնա Հարությունյան