Էլեկտրաէներգիայի առաքումը Վրաստան ակտիվանում է: Այս մասին են վկայում պաշտոնական տվյալները: Առաջին եռամսյակում վրացական շուկա է առաքվել 75,8 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։ Փետրվար ամսին վրացական շուկա է առաքվել 25,4 մլն կՎտժ, մարտին՝ 50,8 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։ Կանխատեսվում է, որ ապրիլին արտահանումը Վրաստան կկազմի շուրջ 40 մլն կՎտժ:
Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց վրացագետ Ալիկ Էրոյանցի հետ, ում կարծիքով՝ էներգետիկ բլոկի համագործակցությունը տարածաշրջանում շատ կարևոր խնդիր է լուծում. «Հայաստանը՝ հյուսիսից և հարավից սահմանակից է երկու բարեկամ երկրի հետ, բայց նաև՝ լարված հարաբերություններ ունի մյուս երկու հարևանների հետ, ուստի՝ Հայաստանի համար դա շատ կարևոր համագործակցություն է, հատկապես՝ էներգետիկ ոլորտում:
Գիտենք, որ 2015թ. դեկտեմբերին ստորագրվեց քառակողմ համաձայնագիր Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան համագործակցության շրջանակներում: Վրաստանը լուրջ առևտրատնտեսական, էներգետիկ, ռազմական ոլորտի համագործակցություն է ծավալում Թուրքիայի և Իրանի հետ, այս առումով ես կարծում եմ՝ ցանկացած ոլորտում համագործակցության խորացումը, իհարկե միտված է հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ էլեկտրահաղորդակցման գծերի կառուցումը՝ աշխուժացնելու է տվյալ ոլորտը և ընդհանուր առմամբ նպաստելու է տնտեսության աշխուժացմանը:
Անդրադառնալով Հայաստանից Վրաստան առաքվող էլեկտրաէներգիային՝ վրացագետը նշեց, որ Հայաստանը մշտապես աջակցում է Վրաստանին, քանի որ այնտեղ սեզոնային սպառումը ավելանում է և կարիք է լինում էներգիայի. «Էլէներգիայի անհրաժեշտ չափաբաժինն այսկերպ լրացնելով Վրաստանը կարողանում է ապահովել իր բնակիչներին անհրաժեշտ ծավալի սպառումը, սակայն, օրինակ՝ ամռանն իրավիճակը փոխվում է. արդեն Վրաստանն է արտահանում»:
Վերջին շրջանում Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաաձեն, հայտարարեց, որ սեզոնային պահանջարկի շրջանակներում, Հայաստանի միջով հնարավոր կլինի համապատասխան համագործակցության շրջանակներում, էլեկտրաէներգիա արտահանել Վրաստանից Իրան: Ինչ վերաբերում է Վրաստան-Հայաստան-Իրան-Ռուսաստան քառակողմ համագործակցությանը, ամրացնում է էներգետիկ համագործակցության ուղիները»:
Դիտարկմանը՝ այս համագործակցությունը քիչ թե շատ զարգանում է, կա՞ն այլ ոլորտներ, որոնք ևս գրավիչ են Վրաստանի համար և կարող են հանդիսանալ Հայաստանի հետ հնարավոր համագործակցության առիթ՝ Էրոյանցը պատասխանեց. «Կարևոր է նաև տրանսպորտային համագործակցության ոլորտը, որը հյուսիս-հարավ դանդաղ շինարարությունն է, և եթե ժամանակին ավարտվի, այս ուղղությունը ևս Վրաստանի համար շատ կարևոր է և շատ շահավետ Վրաստանի համար, քանի որ մինչ այդ էլ Լարսով ապրանքափոխանակություն է իրականացնում դեպի հյուսիս՝ մասնավորապես Ռուսաստան:
Կարևոր է նաև տուրիզմի ոլորտը, քանի որ 1.5 միլիարդ հայ զբոսաշրջիկ է այցելում Վրաստան: Իրենք էլ են սա շատ կարևորում և նշում են՝ հայ զբոսաշրջիկները այցելությունների թվով երկրորդն են»:
Սոնա Հարությունյան