Լիբիացի զինվորականներն «Ալ Քաիդա»-ի զինյալներից ազատել են երկրի արեւելքում գտնվող Բենգազի քաղաքի ծովային նավահանգիստը: Այդ մասին հայտնել է Sky News Arabian հեռուստաալիքը՝ հղում անելով բանակի հայտարարությանը:

Բենգազիում ահաբեկիչների դեմ գործողությունն իրականացնում է Լիբիայի ազգային բանակը՝ մարշալ Խալիֆա Խաֆթարի գլխավորությամբ, որը կոնֆլիկտի մեջ է Տրիպոլիի իշխանությունների հետ: Մայիսին կողմերն արդյունավետ բանակցություններ են անցկացրել Արաբական Միացյալ Էմիրություններում, որպեսզի հաղթահարեն պառակտումը:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Խաֆթարի զինվորականները, բացի Միջերկրական ծովի նավահանգստից, հսկողության տակ են առել Բենգազի քաղաքի հյուսիսում գտնվող մի քանի օբյեկտներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: