Ձևավորվել է Հայաստանի վեցերորդ գումարման Ազգային ժողովի խորհրդի կազմը: Խորհրդի կազմում ընդգրկված են Ազգային ժողովի նախագահը, նրա երեք տեղակալները, Ազգային ժողովի 4 խմբակցությունների ղեկավարները և 9 մշտական հանձնաժողովների նախագահները:

 


Ազգային ժողովի խորհրդի նախագահն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն է: Խորհրդի կազմում ընդգրկված են ԱԺ նախագահի տեղակալներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

 


Խորհրդի կազմում են նաև առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

 


Ազգային ժողովի խորհուրդը հաստատում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանների և նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանում է Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը, սահմանում է մշտական և ժամանակավոր հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը, կարող է ընդունել Ազգային ժողովի հերթական նիստում հարցի քննարկման տեւողությունը մեկից մինչեւ վեց ժամ սահմանելու մասին որոշում, կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել հերթական նիստերի ընթացքում լրացուցիչ նիստ անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: