ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շատ բնական է համարում ԱԺ-ում այսօր քննարկվող նախագծերի վերաբերյալ հնչող տարատեսակ կարծիքները: Ըստ փոխնախագահի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում չկա ընդդիմություն և իշխանություն, և սա այն հարցն է, որի վերաբերյալ բոլորը պետք է ունենան հստակ տեսլական.
«Այս տարիների մեր գործունեությունը ցույց է տվել, որ իշխանությունը կամք ունի պայքարելու կոռուպցիայի դեմ և դրա լավագույն ապացույցը բերված օրենսդրական նախաձեռնություններն են»,-նշեց փոխնախագահը:
Հետաքրքրական է, որ Էդուարդ Շարմազանովն իր այս ելույթով կարծես թե կրկնօրինակում է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հարց տալ ու ինքն հարցին պատասխանելու սովորությունը.
-Կարիք կա՞ կասկածելու, որ կոռուպցիայի դեմ պայքարը կօգտագործեն դիվիդենտներ շահելու համար:
-Իհա՛րկե կա:
-Ունի՞ իշխանությունը քաղաքական կամք:
-Կարծում եմ՝ ունի: ֆիքսում ենք: (հեղինակային իրավունքը՝ Կարեն Կարապետյանի,-խմբ.):
-Օրենսդրական նախաձեռնությունները պե՞տք է շարունակական լինեն:
-Միանշանակ:
-Պատրա՞ստ ենք լսելու ընդդիմության կարծիքները:
-Միանշանակ:
Եվ վերջում, անդրադառնալով ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի բոցաշունչ ելույթին, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հայապահպանման լավագույն տարբերակն է հետևել օրենքներին և աշխատել ՀՀ Սահմանադրության և ՀՀ օրենսդրության սահմաններում: