Հաճախ է, թերևս, խոսվում այն մասին, թե որոնք են հանդիսանում արտագաղթի հիմնական պատճառները.  սոցիալ-տնտեսական անբարենպաստ իրավիճակը, Հայաստանի անհեռանկարայնությունը, փաստացի պատերազմական իրավիճակն այն հիմնական պատճառների թվին են դասվում, որոնք այսպես թե այնպես՝ հսկայական դեր են խաղում արտագաղթի հարցում: Պարզվում է, սակայն՝ արտագաղթին նպաստող վերոհիշյալ գործոնների թվին կարող է ավելանալ կամ արդեն իսկ հասցրել է հավելվել բնության տարերքներից՝ կարկուտը: Այո՛, որքան էլ ցավալի ու միևնույն ժամնակ անհեթեթ հնչի, ստիպված ենք խոստովանել, որ ամեն բան հենց այդպես է, որ կա: Ինչպե՞ս կամ ինչո՞ւ: Շատ պարզ կերպով:

Արդեն հայտնի է, որ օրերս կարկտահարությունից տուժած համայնքներին պետության կողմից տրվելիք աջակցությունը լինելու է կա՛մ վարկերի տոկոսադրույքների սառեցման, կա՛մ էլ տուժած գյուղացիների կողմից վերցվելիք վարկերի տոկոսների նվազեցման տեսքով: Իսկ թե «օրվա հացին այլևս կակա ասող» ու անլուծելի հոգսերի ձեռքը կրակն ընկած նույն այդ գյուղացիներն ինչ են ուտելու կամ ինչպես են չոր հացի խնդիր լուծելու, նույն Իգնատի Առաքելյանին կարծես այնքան էլ չի հետարքրքում: Հունիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտարարել էր. «Գյուղացին, ցավոք սրտի, էսօր չունի էդ հնարավորությունը, որ անի էն, ինչ որ պետք է. հակակարկտային ցանցի համար ֆինանսական ռեսուրս չունի, ապահովագրության համակարգը չկա: Ուրիշ բան չի կարա անի»:

Հիմա հարց է ծագում՝ եթե այդ ամենը գյուղացին պետք է  իր մերկ ձեռքերով անի՝ ապավինելով միայն իր գրպանի պարունակությանն, ապա ո՞րն է այս պարագայում լինում պետության կամ նույն Գյուղատնտեսության նախարարության բանուգործի անունը: Դիցուք՝ այսքան ժամանակ ի՞նչ է արվել  ապահովագրության համակարգը լիարժեքորեն կայացնելու, մարդկանց հույս ներնչելու այդ համակարգի նկատմամբ: Կամ նույն հակակարկտային նորագույն տեխնոլոգիաները պետք է գյուղացին անձա՞մբ ներդնի  Հայաստանում, թե՞ դրանով պետք է զբաղվի գյուղնախը...

Ցավոք, այս ամենը մեկ բանի մասին է ընդամենը փաստում. «Եղունգ ունես՝գլուխդ քորիր» հայտնի ասացվածքը մեր երկրում երբեք չի կորցնում իր արդիականությունը. պետությունը միայն հարկերի տերն է, ուրիշ ոչինչ:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ