Դեմքով դեպի գյուղը շրջված ՀՀ կառավարության գործունեության արդյունքում այս տարի Հայաստանում ավելացել է ցորենի ներկրումը: Սա պատահական չէ։ Հայաստանը ցորենի առումով ինքնաբավ է շուրջ 50 տոկոսով, իսկ հանրապետությունում սպառվող ցորենի մնացած մասը ներկրվում է, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնությունից: Մինչդեռ Հայաստանը կարող է դառնալ ինքնաբավ երկիր եւ ընդունակ է ռուսական ցորենը տեղականով փոխարինել. ե՛ւ հող ունենք, ե՛ւ սերմացու, ե՛ւ ֆերմերներ, միայն սպառում չունենք, ցորենը «մնում է գյուղացու վրա»:

Բայց այս խնդիրը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չի լուծում, որովհետեւ ներկրելն ավելի մատչելի է, ավելի հարմար: Ու այդպես գյուղացին հրաժարվում է հող մշակել, ցորեն ցանել՝ համարելով այն ոչ եկամտաբեր: Եւ հետո՝ մեկ էական հանգամանք էլ կա. Հայաստանում տարեցտարի գնալով պակասում է գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը. վերջին չորս տարիներին գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը նվազել է 100 հազարով: Ի դեպ, Հայաստան ցորեն են ներկրում տնտեսվարող սուբյեկտները` «Ալեքս Գրիգը» և «Մանանա Գրեյնը»: Մասնավոր կազմակերությունները ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տեղեկատվություն չեն տալիս իրենց պաշարների վերաբերյալ, «դա իրենց տնտեսական գաղտնիքն է», իսկ պետական մակարդակով ցորենի ներկրում չի իրականացվում: Թերևս հասկանալի է Իգնատի Առաքելյանի մեծ ցանկությունը` որևէ կերպ չհարվածել այն օլիխարխիայի բիզնես շահերին, որոնց կապիտալի հույսին այսօր գոյատևում է ողջ քաղաքական համակարգը: Իգնատին իհարկե կպաշտպանի ներկրողների շահերը, քանի որ դժվար է հիշել առնվազն մեկ դեպք, երբ դեմքով դեպի գյուղը շրջված կառավարության նախարարը կանգնել է գյուղացու թիկունքին՝ լուծելով նրա օրվա խնիդրը։ Հայաստանը ոչ միայն պարենի ինքնաբավության խնդիր ունի, այլեւ սեփական արտադրության պարենի որակի։ Այս մասին Իգնատի Առաքելյանը մտածո՞ւմ է, երբ տուրք է տալիս այս կամ այն ներկրողի բիզնես շահի բավարարմանը։

 

Ստելլա Խաչատրյան