Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ՄԱԿ-ի խնդրանքով աշխատում է մշտական պատրաստության խաղաղապահ ոստիկանության հատուկ ստորաբաժանման կազմավորման ուղղությամբ, որը կմասնակցի խաղաղապահ գործողություններին:
Այդ մասին RIA Novosti-ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նա նշել է, որ այդ ստորաբաժանումներում աշխատակիցների կհավաքագրեն բոլոր պետությունների իրավապահ մարմինների ներկայացուցիչներից: Սեմերիկովը հիշեցրել է, որ ՄԱԿ-ը ՀԱՊԿ-ի խաղաղապահներին ճանաչել է իր ստանդարտներին համապատասխանող և հավաստել է, որ նրանք կարող են մասնակցել երրորդ երկրների տարածքում խաղաղապահ գործողություններին: Հարց է առաջանում՝ արդյո՞ք հենց այս խաղաղապահ ոստիկանական հատուկ նշանակության ստորաբաժանումը չպետք է ապագայում տեղակայվի Արցախում՝ որպես խաղաղապահ զորակազմ, ինչպես որ ամրագրված է արցախյան հակամարտության կարգավորման համար բանակցային հիմք հանդիսացող Մադրիդյան սկզբունքներում՝ իր բոլոր խմբագրություններով հանդերձ: Հիշենք, որ իր երկու հեռուստահարցազրույցներում խաղաղապահների տեղակայման մասին ուղիղ տեքստով խոսել է նաեւ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ստացվում է, որ ըստ Մադրիդյան սկզբունքների, այն փուլում, երբ հայկական զորքերը դուրս բերվեն հայկական հսկողության տակ գտնվող հարակից տարածքներից, լիովին հնարավոր է, որ ՄԱԿ-ի դրոշի ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնելու մանդատով հենց ՀԱՊԿ ոստիկանական հատուկ նշանակության շուրջօրյա մարտական պատրաստականության խաղաղապահ ստորաբաժանումները տեղակայվեն՝ կամ միայնակ կերպով, կամ այլ խաղաղապահ ուժերի հետ եւ իրականացնեն իրենց մանդատով տրված լիազորությունները, հատկապես, որ կա իրավական լուրջ հիմք առ այն, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի համար հանդիսանում է երրորդ երկիր, քանի որ անդամ չէ ռազմաքաղաքական այս միավորին: Չի բացառվում, որ քննարկումներում նաեւ այս հարցերին է անդրադարձ կատարվել: Հայկական իրավապահների ներկայությունը նոր ստեղծվելիք ստորաբաժանումում, ամենայն հավանականությամբ, առաջ է բերել Բաքվի դժգոհությունը, եւ այստեղ, որպես դժգոհության արտահայտման ձեւ, կարելի է նույն տրամաբանության մեջ դիտարկել նաեւ վերջին օրերի սահմանային լարվածության աճը ԼՂ հակամարտության գոտում:
Բնականաբար, ինչպես և 90-ականներին, այնպես էլ հիմա Ռուսաստանի հիմնական նպատակը Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումն է: Կասկածից վեր է, որ Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի առկայությունը Հարավային Կովկասում իր իշխանության պահպանման հիմնական լծակն է, ուստի՝ հակամարտության կարգավորումը (կողմերից որևէ մեկի օգտին) ՌԴ շահերից չի բխում: Այնինչ, ռուս խաղաղապահների տեղակայումը մեկընդմիշտ կլուծեր երբեմն-երբեմն Կրեմլին չենթարկվելու համարձակություն ունեցող Հայաստանին ենթարկեցնելու հարցը: Ինչքանով համոզիչ կլինեն Ռուսաստանի փաստարկները կամ ճնշումները, ցույց կտան բանակցությունները: Հայաստանի շահերից չի բխում իրավիճակի փոփոխությունը Արցախում, Ադրբեջանի շահերից էլ չի բխում Արցախում տեսնել ռուսական զորքեր, այն էլ՝ հայկական զորամիավորման հետ համատեղ: Հայաստանը կարող է խաղաղապահների ներկայության հետ համաձայնվել միայն իր պաշտպանունակության էական անկման, հաղորդակցական ու ֆունկցիոնալ լիակատար շրջափակման ու մեկուսացման դեպքում, որը ներկայում մասնակիորեն առկա է տարածաշրջանում:
Ստելլա Խաչատրյան