ԼՂՀ վարչապետի խոսնակ, քաղաքագետ Արտակ Բեգլարյանը Hetq.am-ին տված հարցազրույցում խոսել է Ղարաբաղի խնդրի ռազմա-քաղաքական ներկայիս իրավիճակի ու հնարավոր զարգացումների մասին: Նա մասնավորապես ասել է.
«Այս իրավիճակում մեր գլխավոր գործիքը հայկական բանակի արդյունավետության անընդհատ բարելավումն է ու դրա անվարան կիրառումը ադրբեջանական զինված ուժերի գործողությունները զսպելու և կանխարգելելու գործում: Ռացիոնալ ակտորի տրամաբանությամբ բացատրելիս մենք պետք է կտրուկ և հստակ կերպով բարձրացնենք ռազմական գործողությունների գինը Ալիևի ռեժիմի համար, որը կստիպի դրան ձեռք քաշել քաղաքակիրթ բանակցություններին ռազմական այլընտրանքներ փնտրելուց: Այսինքն՝ նրանց յուրաքանչյուր ոտնձգություն պետք է ստանա համարժեք (երբեմն անհամաչափ) պատասխան՝ ցավոտ և դիպուկ հարվածների միջոցով: Ավելին՝ կարծում եմ, որ մենք ոչ միայն անհամաչափ ուժ պետք է կիրառենք ադրբեջանական նախահարձակ ագրեսիվությունը ճնշելու համար, այլ նաև երբեմն կանխարգելիչ հարվածներ հասցնելու կարիք և իրավունք ունենք:
Ի ուրախություն մեզ՝ հայկական կողմն արդեն առաջնորդվում է այդ տրամաբանությամբ: Բացի դրանից՝ առաջնագծի ամրացումը և դիտարկման բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիաներով զինումը ևս մեզ հնարավորություն են տվել թե՛ բարձրացնելու սահմանների պաշտպանունակությունը և թե՛ ինքնուրույնաբար գրանցելու և ներկայացնելու խախտումների մանրամասները, որոնք անառարկելիորեն վստահելի աղբյուր կարող են դառնալ նաև միջազգային հանրության համար:
Ադրբեջանը, բնականաբար, խուսափում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունների կատարումից, քանի որ դրանք առաջնահերթորեն ենթադրում են զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդնում, որը կտրուկ կերպով սահմանափակելու է առաջնագծի լարվածության միջոցով ճնշում գործադրելու նրա հնարավորությունները: Իսկ ահա առանց այդ մեխանիզմի՝ բանակցություններում այլ առաջընթացի ապահովում անհնար է պատկերացնել: Հետևաբար, պաշտոնական Բաքվի վարքի պատճառով բանակցային իրավիճակը փակուղային է, և զսպման միջոցներն ավելի արդյունավետորեն գործում են ռազմական բնագավառում:
Մի խոսքով, Ադրբեջանի կողմից սկսված ուժային մրցապայքարում պարտվելու իրավունք չունենք, եթե ցանկանում ենք երկարատև խաղաղություն ապահովել, ինչն անհրաժեշտ է մեր հայրենիքի կայուն զարգացման համար»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում