Ռիգա աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 27-ին Լատվիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպումներ ունեցավ ԵԱՀԿ լատվիական պատվիրակության ղեկավար Էդվինս Սնորի և ԵԽԽՎ լատվիական պատվիրակության ղեկավարի տեղակալ Անդրիս Բերզինշի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Դեսպան Մկրտչյանը լատվիացի պատգամավորների հետ հանդիպումների ընթացքում ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունները, քննարկվեցին երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտությունն առաջ մղելուն ուղղված քայլերը, անդրադարձ կատարվեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրեց հրադադարի խախտումների վերաբերյալ միջնորդների կոչերին հակադրվող Բաքվի անընդունելի վարքագիծը և ապակառուցողական հայտարարությունները։ Դեսպանը նաև նշեց, որ Ադրբեջանն իր սադրիչ գործելաոճը փորձում է պարտադրել նաև բազմակողմ և երկկողմ համագործակցության ձևաչափերում՝ ի հեճուկս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերի:
Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ: