ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերն իր անհանգստությունն է հայտնել ԼՂ-ում իրավիճակի սրման առնչությամբ, կոչ է արել կողմերին քայլեր ձեռնարկել՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար: Դեսպանն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Նա մասնավորապես նշել է՝ խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում ապրողների անվտանգության համար՝ այդ տարածքում վերսկսված մարտերի մասին լուրերով պայմանավորված:
«Մենք չենք ցանկանում վերադառնալ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը տեսանք 2020 թվականին: Եվ կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար»,-ընդգծել է դեսպանը:
Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով հրաձգային զինատեսակներ: