Հայաստանում օգոստոսի 9-13-ը սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 9-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում, այդ թվում՝ Երևանում օգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 

 

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: