«Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանի համոզմամբ՝ անկախության հռչակագրի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ այդ տարիներին խորհրդային պետությանը որևէ բան վստահել չէր կարելի, ուստի շատ կարևոր էր, որ խորհրդային ժողովուրդները սեփական երկրի անկախությունը վերցրեցին իրենց ձեռքը. «Այսօր կատարվում է նույն բանը, բոլորը՝ աշխարհի ժողովուրդները նույնպես, պայքարում են անկախության ձեռքբերման համար: Այսօր էլ նույն խնդիրը կա, սակայն ծուղակներն են տարբեր. 1988- 89 թվականներին Հայաստանն իսկապես անկախ էր: Մենք հռչակագրում տուրք տվեցինք այն ժանանակվա ուժերին եւ հռչակագրի դերը մի աստիճանով նվազեցվեց, քանի որ հռչակագիրը սահմանեց: Կոպիտ սխալ էր մեր նոր օրհներգի ընդունումը, որը մեզ հետ այդքան էլ կապ չուներ»,-ասաց նա՝ հավելելով, անկախությունը միտված է պահպանել սեփական ժողովրդի ինքնությունը:
Խոսելով անկախության արժևորման մասին՝ Աշոտ Մանուչարյանը ցավ հայտնեց, որ այս տարիների ընթացքում էլ Հայաստանը չկարողացավ անել այնպես, որ գերիշխող լինի օրենքը, բայց սրանից ժողովրդի մեջ ձևավորվեց մի արատավոր երևույթ, երբ ամեն անգամ վերցնում և յուրացնում ենք ուրիշինը. «Երբ որ գողերը հրաժարվում են գողությունից, հանցագործները հրաժարվում են հանցագործությունից, կաշառակերները կաշառք չէին վերցնում: 88-ի Հայաստանը հենց այսպիսինն էր, իսկ եթե զուգհեռներն անցկացնենք այսօրվա Հայաստանի հետ, կարձանագրենք մի բան. այսօրվա Հայաստանում ամեն օր խլում են ուրիշի ունեցվածքը, ամեն օր վերցնում և յուրացնում են ուրիշինը»,-ասաց Աշոտ Մանուչարյանը՝ շեշտադրելով հանգամանքը, որ այսօր և՛ մեր քաղաքական էլիտաները, և՛ հասարակությունը օրենքի նշանակությունը չի գիտակցում և չի շարժվում օրենքի պահանջով, ինչը հետըթաց է 1988-ի համեմատ:
«Ղարաբաղ կոմիտեի» անդամն առանձնացրեց վերջին շրջանում ձևավորված մի երևույթ. քաղաքական կուսակցություններն ու գործիչները մշտապես մի միությունից դուրս են գալիս՝ մեկ այլ միություն մտնելու համար. «Հիմա այն մարդիկ, ովքեր խոսում են ռուսական ազդեցության մասին, պետք է չշեշտադրեն մի միությունից մեկ այլնի անցնելը, քանի որ մեր պետության առաջ կա առավել կարևոր խնդիր, երբ սեփական երկիրը թալանվում է ներսից: Հենց սրանից է պետք ազատվել: Թե չէ՝ էժանագին կլիշեների հետևից են ընկել՝ Պուտինը՝ քը՛խ, Մերկելը՝ օ՜հ: Սրանց հետևից գնալ պետք չէ»: