Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահակական ընտրությունների առնչությամբ ուշագրավ հոդված է հրապարկել ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականը: Հոդվածագիր Էմիլ Սանամյանը, անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի անձին, գործունեությանը, նախընտրական քարոզարշավին ու հետընտրական գործողություններին, կարծիք է հայտնում, որ 2012թ. ընտրություններով Հայաստանի քաղաքական կյանքում «աննախադեպ բան է» կատարվել. Կալիֆոռնիայում ծնված ամերիկահայը «ցնցել է» հետխորհդային Հայաստանի քաղաքական դաշտը: «Չնայած լայն տարածված կարծիքներին ու սպասումներին, որ 53-ամյա Հովհաննիսյանը չափից դուրս «օտարեկրացի է» հայաստանցի ընտրողների աջակցություն վայելելու համար, նա ավելի շատ ձայն հավաքեց, քան անկախ Հայաստանի պատմության մեջ որևէ այլ ընդդիմադիր թեկնածու»,-գրում է հոդվածագիրը և «բացահայտում» Հովհաննիսյանի հաջողության գաղտնիքը:
Ներկայացնում ենք հոդվածի առավել ուշագրավ հատվածները թարգմանաբար.
«Այս սցենարը շատ բնորոշ է հետխորհդային երկրի համար. գործող նախագահն օգտագործում է վարչական ռեսուրսները վերընտրվելու համար, Արևմուտքի դիտորդները զգուշորեն գովասանքի խոսքեր են հնչեցնում՝ ընտրություններում առաջընթաց արձանագրելու համար, բայց նշում են, որ կան թերություններ, որոնց ուղղությամբ պետք է ապագայում աշխատել: Իսկ ընդդիմությունն իր աջակիցների հետ բողոքարշավ է սկսում ընտրությունների արդյունքների դեմ: Բարի գալուստ Հայաստան, որտեղ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում գործող նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես ստացավ մոտ 59 տոկոս ձայն, իսկ նրա գլխավոր մրցակիցը՝ 37 տոկոս:
Հայաստանը, սակայն, մյուս երկրներից զանազանում է նախագահի թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ պարզապես Րաֆֆին՝ ինչպես որ նա հայտնի է Հայաաստանի գրեթե ամեն անկյունում, ԱՄՆ-ում ծնված, Ջորջթաունի համալսարանի շրջանավարտը, որը «ցնցեց» իր հայրենիքի քաղաքական դաշտը: Չնայած լայն տարածված կարծիքներին և սպասումներին, որ նա չափից դուրս «օտարեկրացի է» հայաստանցի ընտրողների աջակցություն վայելելու համար, 53-ամյա Հովհաննիսյանն ավելի շատ ձայներ հավաքեց, քան անկախ Հայաստանի պատմության մեջ որևէ այլ թեկնածու: Նրա հաջողությունը Հայաստանը նոր քաղաքական իրարանցման մեջ գցեց: Տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են բողոքի ակցիաներ անցկացնել Հայաստանի ներսում, ինչպես նաև դրա սահամաններից դուրս՝ հայկական համայնքներում:...
Չնայած այն հանգամանքին, որ հայերը մեծապես վիճարկում են ընտրությունների արդյունքները, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Եվրամիության, Ռուսաստանի, նույնիսկ Թուրքիայի ղեկավարները շնորհավորեցին Սերժ Սարգսյանին՝ վկայակոչելով միջազգային դիտորդների դրական արձանքները: «Նրանք կարող են ասել այն, ինչ ուզում են,- պատասխանեց Հովհաննիսյանը,-Ես ասում եմ նրանց՝ «ես ձեզ բոլորիդ հարգում եմ, բայց դուք էլ մի փորձեք խախտել մեր քաղաքացիների իրավունքները: Ես դա թույլ չեմ տա: Եվ թող ոչ ոք ինձ ամերիկյան, արևմտյան, կամ ռուսական ժողովրդավարության դասեր չտա, քանի որ Հայաստանի քաղաքացիներն են մեր երկրի տերը»:
«Ժողովրդական այս պայքարը չի մարելու, մենք հասնելու ենք հաղթանակին»,-բազմիցս խոստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Չնայած, որ Հայաստանի ժողովրդի գրեթե կեսը կողմ է իշխանափոխության, այդուհանդերձ, դեռևս հստակ չէ, թե ինչպես է հնարավոր հասնել նման հաղթանակի:
Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի քաղաքական դաշտ վերադարձավ (նա 1991-1992թթ. զբաղեցրել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը) 2007 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում, և իրավաբաններից, քաղաքացիական ակտիվիստներից, դասախոսներից և գիտնակններից բաղկացած նրա «Ժառանգություն» կուսակցությունը, ինչպես որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունն էր բնութագրել (ըստ «Վիկիլիքս» կայքի գաղտանազերծած փաստաթղթերի), «ձևավորեց իսկական ընդդիմադիր ուժ խորհրդարանում»՝ քաղաքական չափավոր, բարեփոխական օրակարգով»….:
Նույնիսկ այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը (ԲՀԿ առաջնորդ) և Լևոն Տեր- Պետրոսյանը (Հայաստանի առաջին նախագահ) հրաժարվեցին մասնակցել 2012թ. նախագահական ընտրություններին, տեղացի և միջազգային շատ դիտորդներ «անտեսում էին» Հովհաննիսյանի հնարավորությունները և վստահեցնում, որ Սարգսյանի վերընտրվելը կանխորոշված է: Ուշագրավ է նաև այն, որ նախքան քվեարկությունը, միջազգային դիտորդների գլխավոր քննադատությունն ընտրությունների առնչությամբ այն էր, թե դրանք «մրցակցային չեն»:
Հայկական կուսակցությունները, որպես կանոն, կենտրոնանում են ավելի շատ անձերի վրա, քան գաղափարախոսությունների: Հայաստանցիների մեծ մասը մշտապես Հովհաննիսյանին «նայել են» կամ կասկածանքով կամ անվստահությամբ: 1990-ականների ճգնաժամից ի վեր մոտ մեկ միլիոն հայ է լքել երկիրը, և Հովհաննիսյանի՝ հայրենիք վերադառնալու հանգամանքն անհասկանալի էր հայրենիքում մնացածներից շատերի համար. ինչու՞ մարդ պետք է թողներ Ամերիկայում լավ կյանքը և գար Հայաստանի ավերակների մեջ ապրեր: Անկախությունից ի վեր՝ միայն մի քանի հարյուր ամերիկահայեր այդպես վարվեցին»:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Հովհաննիսյանը կոտրեց տեղական քաղաքական կյանքում ընդունելի բոլոր կանոնները, որոնք կիրառվում են և իշխանությունների և ընդդիմության կողմից (հարձակումներն ու սպառնալիքներն իրենց մրցակիցների հասցեին): Նա իր ելույթներում խուսափում էր անձնական վիրավորանքից, կենտրոնանում էր պետական համակարգում առկա կոռուպցիայի վրա:
Իր ֆիրմային ջինսե տաբատն ու բարձր օձիքով սվիտերը հագին՝ նա երթևեկում էր ավտոբուսներով և մետրոյով, այցելում էր քաղաքներ ու գյուղեր, քարոզարշավի ժամանակ օգնեց մարդկանց վերանորոգել ավտոմեքենան և տունը, մազերը կտրեց փոքր մի վարսավիրանոցում և ճաշեց ճանապարհին գտնվող արագ սննդի սպասարկման կետում:
Սոցհարցումների համաձայն՝ Հայաստանի բնակչության 7 տոկոսը նախընտրական քարոզարշավի ժամանակ զրուցել էր Րաֆֆի Հովհաննիսյանի, կամ նրա ներկայուցուցիչների հետ, լսել նրանց ելույթը: Այդ սիրո և ուշադրության դրսևորումը հավանաբար հենց այն էր, ինչի կարիքն ունեին շատ հայեր (Gallup poll-ի անցկացրած հարցումների համաձայն՝ հայերն աշխարհում ամենից շատն են սիրո պակաս զգում): Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հովհաննիսյանի օգտին քվեարկեց կես միլիոնից ավելի մարդ: Իշխանական քաղաքական մեքենան փլուզվեց. նա Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում ավելի քան 40 տոկոս ձայն հավաքեց, նա հաղթեց նաև 3-րդ, 4-րդ,6-րդ և 7-րդ քաղաքներում:
Բայց, իհարկե, Հայաստանում երբեք նորմալ ընտրություններ չեն անցկացվում: Անկախության ավելի քան 20 տարիների ընթացքում ընտրողներին այդպես էլ չի հաջողվել հաղթել գործող նախագահներին և նրանց իսկ կողմից նշանակված իրավահաջորդներին: Գործող նախագահները մշտապես ընտրվում են, իսկ ընտրական գործընթացների նկատմամբ վախն ու ցինիզմը գնալով ամրապնդվում է: Ընտրություններում պարտություն կրած որևէ թեկնածու երբեք չի ընդունել իր պարտությունը, նույնիսկ՝ 1991թ-ին, երբ Տեր-Պետրոսյանը հաղթանակ տարավ ավելի քան 70 տոկոս ձայնով: 1996, 2003 և 2008 ընտրությունները նշանավորվեցին ընդդիմության ցույցերով և կառավարության կողմից ուժի գործադրմամբ:
Իշխող համակարգի նկատմամբ հասարակական անվստահությունը և մեծ թվով ընտրախախտումները ստվեր են գցում ընտրական գործընթացների վրա և առաջացնում մի շարք հարցեր քվեարկության արդյունքների առնչությամբ: Ընդդիմադիրներն իրականում չեն կարողանում ապացուցել, որ իրենք հաղթել են, բայց գործող նախագահներն էլ չեն կարողանում վստահաբար պնդել հակառակը: Իսկ ինչ վերաբերում է օտարերկրացի դիտորդներին, ապա թվում է, որ նրանք անաչառ չեն և հանդես են գալիս այս կամ այն կողմի օգտին: Վերջին ընտրությունները թվում է՝ ընթացան նույն սխեմայով: Հովհաննիսյանի հազարավոր ընտրողներ ամեն օր ցույց են անցկացնում՝ պնդելով, որ ընտրությունները կեղծվել են և որ իրենց թեկնածուն օրինական հաղթողն է:
Հովհաննիսյանի ելույթները լի են պարզ բաներով ու հակասություններով: Ծրագրերի մասին խոսելու փոխարեն՝ նա հարցնում է բողոքի ակցիայի մասնակիցներին՝ «ի՞նչ եք ցանկանում անել, մեկ ժամ ավելի մնալ»: Նա ասում է, որ կանգնել-սպասելու է մինչև որ նախագահ Սարգսյանը գա և «ճանաչի ժողովրդի հաղթանակը», սակայն հաջորդ օրը գնաց նախագահի նստավայր և փակ դռների հետևում հանդիպեց նրա հետ: «Շատերը Հովհաննիսյանին չափից դուրս իմպուլսիվ և փոփոխական են համարում նախագահի համար,- ասում է «Groong» հայկական նորությունների ցանցի հիմնադիր Ասպետ Պետրոսյանը,-Թվում է, որ նա չի կարողանում մի քանի քայլ առաջ հաշվարկել»:
Այս բոլոր թերություններով հանդերձ՝ շատերի համար Հովհաննիսյանն այսօր երկրի ամենամեծ հույսն է դեպի փոփոխություններ: Իշխանության մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում խորհրդարանի ազդեցիկ նախագահը հայտարարել են, որ Հովհաննիսյանի հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելը հնարավոր է, եթե նա ճանաչի ընտրությունների պաշտոնական արդյունքները:
Հովհաննիսյանն ու Սարգսյանը հանդիպեցին և իրար ձեռք սեղմեցին, սա առաջին դեպքն էր Հայաստանի հետընտրական քաղաքական կյանքում: Սարգսյանի և Հովհաննիսյանի միջև այս համեստ փոխընբռնումը երաշխիք է, որ այս անգամ բռնության դեպքեր չեն գրանցվի երկրում: Այժմ Հովհաննիսյանը որոշել է ավելի զանգվածային բողոքի ակցիաներ անցկացնել և դիմել Սահմանադրական դատարան՝ փորձելով ամբողջական կամ մասսամբ անվավեր ճանաչել քվեարկության արդյունքները: Նա միաժամանակ չի անտեսել Սարգսյանի հետ կոալիցիա ձևավորելու հնարավորությունը:
Հովհաննիսյանն արդեն իսկ մտել է Հայաստանի ընտրական պատմության մեջ՝ իր աննախադեպ քարոզարշավով: Հետագա շաբաթները և ամիսները ցույց կտան՝ ամերիկհայ թեկնածուն կկարողանա՞ արդյոք ընտրողների շրջանում ունեցած իր հեղինակությունը կկարողան արդյոք վերածել առավելությունների հենց այդ ընտրողների»: