Ամերիկյան Foreign Policy հանդեսը «Կասպիական կորլեոնեները» խորագրով հոդվածում անդրադարձել է մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերում մշտապես թերացող Ադրբեջանի` Արևմուտքում գրանցած հաջողություններին և դրանց հիմնական դրդապատճառներին: 2012 թվականի Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը, Վաշինգտոնի սրտում գնեց հինգ հարկանի կառույց` նպատակ ունենալով ԱՄՆ-ում ընդլայնել իր գործողությունները:

 

Հետաքրքիր է, որ նախկինում այդ նույն շենքում բնակվել էր Ջեն Քըրքպատրիկը, ով ժամանակին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանն էր և Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը: Հետագայում նույն այդ հասցեում 1992 թվականին հիմնվեց ու սկսեց հրատարակվել հետխորհրդային ժողովրդավարության վերաբերյալ «Դեմոկրատիզացիա» ամսագիրը: Իսկ ավելի ուշ որոշակի շրջանում այդ տարածքը զբաղեցրել էր հայտնի իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը, որն, ի դեպ, Ադրբեջանին այժմ դասում է ոչ ազատ երկրների շարքում:

 

«Ես խոսքեր չունեմ: Կարծում եմ` ծայրահեղ հեգնանքի դրսևորում է այն, որ աշխարհի ամենաանազատ երկիրն այժմ զբաղեցնում է ազատության տարածքը»,- այս կապակցությամբ նշել է Freedom House-ի գործադիր տնօրենը:

 

Ադրբեջանական նավթային ընկերության կողմից նման հասցեն յուրացվելը յուրօրինակ նշան է Ադրբեջանի նախագահ Իլհամի Ալիևի վարչակազմի հաջողությունների, որոնք այն գրանցում է թե’ ԱՄՆ-ում, թե’ Եվրոպայում: Մեծությամբ Իռլանդիայի տարածքն ընդգրկող Հարավկովկասյան այս երկիրը, ով նավթի պաշարներով երկու անգամ գերազանցում է Տեխասի պաշարները, նախորդ տասնամյակի ընթացքում «խավիարային դիվանագիտության» շնորհիվ միլիոնավոր դոլարներ է օգտագործել ԱՄՆ լոբբիստական կազմակերպությունների խորհրդատվության վրա' փորձելով ամերիկյան մեդիայում լվանալ իր հեղինակությունը:

 

Նման քաղաքականությամբ Արևմուտքում Ալիևի վարչակազմի գրանցած հաջողությունները հիմնվում են երեք հիմնական կետերի վրա:

 

Առաջին` Ադրբեջանն ահաբեկչության դեմ պայքարում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի դաշնակիցն է, ինչպես նաև Իսրայելի դիվանագիտական և կոմերցիոն դաշնակիցը, որն իր էներգիայի մեկ երրորդը ներկրում է Կովկասից: Միաժամանակ Ադրբեջանը սերտորեն համագործակցում և աջակցում է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին Աֆղանստանի գործողություններում:

 

Երկրորդ կարևոր հանգամանքը նավթային հսկայական պաշարներն են, որոնք երկրի ՀՆԱ-ն տասն անգամ մեծացրել են 2001-2011 տարիների ընթացքում: Սա կարևոր հակակշիռ է Եվրոպայի էներգաօգտագործումը դիվերսիֆիկացնելու և Ռուսաստանի մոնոպոլիստական տակտիկային վերջ դնելու գործում: Թեպետ ներկայումս Ադրբեջանից արտահանվող գազը Եվրոպա ներմուծվող ծավալների չնչին տոկոսն է կազմում, այդուհանդերձ, Եվրոպան ցանկանում է նվազեցնել իր էներգետիկ կախումը Ռուաստանից: Ռուսաստանի դեմ Արևմուտքի դիրքորոշման շարունակականության պարագայում' կապված Ուկրաինայի անկայուն իրավիճակի հետ, ենթադրելի է, որ Ադրբեջանն ավելի կարևոր կդառնա հետագա ամիսների ու տարիների ընթացքում:

 

Եվ վերջապես երրորդ կարևոր գործոնն Ադրբեջանի աշխարհագրական տեղադրությունն է Եվրոպայի ու Ասիայի սահմանին: Ադրբեջանն օգտագործվում է որպես հակակշիռ Իրանի միջուկային սպառնալիքի, ինչպես նաև տարածաշրջանը վերախորհրդայնացնելու ռուսական փորձերի դեմ: Քանի դեռ ԱՄՆ-ն մասնավորապես էներգետիկ պաշարներով հարուստ շատ ընկերներ է փնտրում հետխորհրդային աշխարհում, Բաքվի ազդեցությունն էլ Վաշինգտոնի վրա կմեծանա:

 

«ԱՄՆ ադրբեջանցիները ժողովրդավարության համար» կազմակերպության ղեկավար Էլմար Չախթախթինսկին նշում է, որ ալիևյան լոբբիստական գործունեության ճշմարիտ նպատակը հենց երկրի ներսին ուղերձ հղելն է և երկրում ալիևյան կլանի իշխանությունը պահպանելը: «Երբ ԱՄՆ ներկա կամ նախկին կոնգրեսմենը շնորհավորում է Ալիևին հաղթանակի կապակցությամբ, դա չի ենթադրում, որ Արևմուտքում Ադրբեջանն ավելի լավ դիրք է գրավել: Այն ուղղված է վարչակարգի ներսի բնակչությանը»,- նշում է Չախթախթինսկին' ընդգծելով, որ դրանով հզոր ազդանշան է ուղարկվում ադրբեջանցին երին' ցույց տալով, որ եթե Արևմուտքն էլ է վարչակազմի հետևում կանգնած, ապա Ադրբեջանից դուրս աշխարհն այդքան էլ տարբեր չէ ադրբեջանական աշխարհից: