Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար հանձնվող «Ադամի» մեդիա-մրցանակը Երևանում մշակութային գիտաժողով կանցկացնի մշակութային բազմազանության, ինտեգրման և խաղաղ համակեցության թեմաներով աշխատող հեռուստալրագրողների, պրոդյուսերների և ռեժիսորների համար: «Ադամի» մեդիա մրցանակաբաշխությաններկայացուցիչ Վախթանգ Կունցև-Գաբաշվիլին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ գիտաժողովը կանցկացվի 2017թ. նոյեմբերի 4-5-ը:
«Գիտաժողովի նպատակը հանդիպումներն են, փորձի փոխանակումը, հետագա շփումների հեռանկարը և Եվրոպայի հեռարձակողների և ռեժիսորների հետ համագործակցությունը: Նման գիտաժողովներ կանցկացվեն նաև Արևելյան գործընկերության մյուս երկրներում`Բելառուսում, Մոլդովայում, Վրաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում: Հայաստանից գիտաժողովին մասնակցելու համար կընտրվի 23 մասնակից: Ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը»,- ընդգծեց Կունցև-Գաբաշվիլին:
Նա մանրամասնեց, որ գիտաժողովի ընթացքում մասնակիցների հետ կաշխատեն պրոֆեսիոնալ մասնագետներ, կկիսվեն իրենց փորձով, կուսումնասիրեն և մասնակիցների ներկայացրած աշխատանքները, կաջակցեն խորհուրդներով: գիտաժողովի ընթացքում ներկայացված լավագույն աշխատանքները կարող են մասնակցել 2018թ. Մոլդովայում կայանալիք մրցանակաբաշխությանը: «Այս անգամ մենք նաև նորություն ունենք: Եթե նախկինում մրցանակաբաշխությունը միայն հեռուստալրագրողների, ռեժիսորների և պրոդյուսերների համար էր, ապա հիմա դրան կարող են մասնակցել նաև այն մարդիկ, ովքեր զբաղվում են վեբ-դիզայնով: Քիչ առաջ ես տեղեկացա, որ այս անգամ նրանց համար առանձին մրցույթ է լինելու»,- ասաց Վախթանգ Կունցև-Գաբաշվիլին:
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան, մամուլի դեպարտամենտի ղեկավար ԿլաուսՎենդելբերգերը նշեց, որ «ADAMI-երկխոսություն-Երևան» գիտաժողովն ընդունում է արտադրության տարբեր փուլերում գտնվող նախագծերի հայտեր` մտահաղացումից մինչև մոնտաժ. հրավիրված մասնագետների կողմից մասնակիցները կստանան նախագծի զարգացմանը, նկարահանումներին և մոնտաժին վերաբերվող առաջարկություններ: «Մեդիա մրցանակի նպատակն է խրախուսել ռեժիսորներին, լրագրողներին և լրատվամիջոցների աուդիովիզուալ մասնագետներին Արևելյան գործընկերության երկրներում հանդուրժողականության և մշակութային բազմազանության թեմաների առաջխաղացման համար: Մրցանակը շնորհվում է մշակութային բազմազանության թեմային նվիրված լավագույն հեռուստատեսային ֆիլմերի և առցանց ծրագրերին: Մրցանակաբաշխությունը ֆինանսավորում է ստանում նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից: Նպատակը մեկն է` Արևելյան գործընկերության երկրներում խթանել լրագրողներին և ռեժիսորներին որքան հնարավոր է շատ անդրադառնալ մշակութային բազմազանության, հանդուրժողականության թեմաներին»,- մանրամասնեց փոխդեսպանը:
«Ադամի» մրցանակաբաշխության հայաստանյան սիմպոզիումի խոսնակ Սաթիկ Սեյրանյանն ընդգծեց, որ «Ադամի»-ն Արևելյան Եվրոպայի ամենահեղինակավոր մեդիամրցանակաբաշխությունն է` գոհունակությամբ նկատելով, որ այս տարի այն գիտաժողով է անցկացնելու նաև Երևանում: «Այս մրցանակաբաշխությունը իսկապես լայն հնարավորություն է բացում մեր մեդիա դաշտի համար: Բոլոր լրագրողներին, ռեժիսորներին կոչ եմ անում օգտվել այս առիթից: Այն բացառիկ հնարավորություն է պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատելու, նրանց խորհուրդները լսելու առումով»,- ասաց նա: