Հայաստանը և Ռուսաստանը որոշել են զինվորականների կազմը, որոնք կգործեն Կովկասի տարածաշրջանում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:
Նրա խոսքով՝ արդեն սկսվել է երկու երկրների միջև միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը գործնականում կյանքի կոչելու փաստաթղթերի մշակումը: Ռուսաստանի և Հայաստանի միջև համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերին Մոսկվայում, իսկ 2016թ. ՌԴ Պետդուման վավերացրել է այն: