Լոռու մարզի Ջաջուռ գյուղի մոտ խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը մարելիս թիվ 53 Հրշեջ փրկարարական ջոկատի ջոկի հրամանատար, փրկարար ծառայության ավագ Գրիգոր Ոսկանյանն այրվածքներ է ստացել: Մեզ հետ զրույցում ԱԻՆ լրատվության բաժնի պետ Գոհար Բաղդասարյանն ասաց, որ նա ստացել է 3-րդ աստիճանի այրվածքներ դաստակի եւ գլխի շրջանում: «Վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է Գյումրու բժշկական կենտրոնում»,-ասաց նա:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:37-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ջաջուռ գյուղի մոտակա սարալանջին:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:31-ին, մարվել՝ 15:47-ին: Այրվել է բուսածածկույթ (մոտ 50 հա):
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ջաջուռ (52), Կամո (15), Ջաջուռավան (10) և Կրաշեն (10) գյուղերի 87 բնակիչ՝ գյուղապետերի գլխավորությամբ, ոստիկանության Ախուրյանի բաժնից 15 աշխատակից, N զորամասի 30 զինծառայող, «Հայ անտառտնտեսության» ՊՈԱԿ-ի 9 աշխատակից, Շիրակի մարզային փրկարարական վարչության 38 աշխատակից, 3 հրշեջ-փրկարարական ավտոմեքենա և 1 S171 մակնիշի տրակտոր:
Մեկ մարտական հաշվարկ հրդեհի վայրում իրականացրել է հերթապահություն: