«Արփի լիճ» և «Ջավախեթի» ազգային պարկերի բացումը կարևոր է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «ՀՀ Շիրակի մարզում և Վրաստանի Ջավախքում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի խորհրդատու, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Նա ներկայացրեց ծրագրի նպատակները, այն է` ստեղծել ազգային պարկ, զարգացնել համայնքները, ինչպես նաև անդրսահմանային համագործակցությունը:
«Համագործակցությունը կարևոր է զբոսաշրջության զարգացման և կենսաբազմազանության մոնիթորինգի տեսանկյունից: Այս վայրը Կովկասի թռչնաբանական կարևոր տարածքներից է և երկու կողմում էլ նույն թռչնից հանդիպում է»,- նշեց Մանվելյանը:
Ծրագրի խորհրդատուն ասաց, որ նրանք իրականացնում են ևս մեկ ծրագիր, որը Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկում է: Նրա խոսքով՝ այնտեղ տարեկան մոտ 50-60 հազար տուրիստ է այցելում: Կարեն Մանվելյանի կարծիքով՝ զբոսաշրջիկները հետո կարող են ալտերնատիվ տարբերակ գտնել` շարունակելու իրենց ճանապարհը և գնալ Ախալցխա ու տեսնել տեղի ամրոցները, հետո այցելել Ջավախեթիի պահպանվող տարածքները` թռչնադիտարկման կամ այլ զբաղմունք գտնելու:
«Արփի լիճ» ազգային պարկում զբոսաշրջության առումով պոտենցիալներ նույնպես կան` ձի հեծնելու համար շատ հարմար է, քանի որ ուղիղ տարածք է և ձորեր ու վտանգավոր վայրեր չկան: Հեծանվային մարզաձևը նույնպես զարգացած է և կարող է ավելի զարգանալ: Ձմեռային տուրիզմն էլ է զարգացած: Դահուկ քշելու մեծ հնարավորություններ կան»,- ընդգծեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրենը: