ԱՄՆ-ի Հավայիի նահանգի դաշնային դատավորը կասեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագրի գործողությունը, որն արգելում էր քաղաքացիների մուտքը ԱՄՆ-ը ութ երկրներից, ներառյալ առավելապես մուսուլմանական բնակչությամբ վեց երկրներ:
Հրամանագիրը պետք է սկսեր գործել հոկտեմբերի 18-ից, տեղեկացնում է BBC-ն: Սեպտեմբերին հրապարակված հրամանագիրը տարածվում էր Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Չադի, Հյուսիսային Կորեայի քաղաքացիների եւ Վենեսուելայի առանձին պաշտոնատարների վրա: Հյուսիսային Կորեայի եւ Վենեսուելայի վերաբերմամբ դատավորն ուժի մեջ է թողել հրամանագիրը:
Դատավոր Դերրիկ Ուոթսոնն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ նոր հրամանագրում պահպանվել են օրենքի նույն այն խախտումները, որոնք ինքը նկատել էր հրամանագրի՝ մարտին հրապարակված նախորդ խմբագրվածքում: Այն հրամանագիրը դատավորը նույնպես արգելափակել էր նախքան ուժի մեջ մտնելը: Դատավորի կարծիքով՝ ԱՄՆ մուտքի արգելքը վերաբերում է 150 մլն մարդու՝ վեց երկրներից, եւ հակասում է Միացյալ Նահանգների շահերին:
Դատավոր Ուոթսոնն իր որոշումը կայացրել է ի պատասխան Հավայիի նահանգի կառավարության բողոքարկման: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը «վտանգավոր ու սխալ» է որակել Հավայիի նահանգի դատարանի որոշումը: «Օկրուգային դատարանի այսօրվա վտանգավոր ու սխալ որոշումը խափանում է ամերիկյան ժողովրդի անվտանգության ապահովմանն ուղղված նախագահի ջանքերը»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: