Ամերիկացիների մեծամասնությունը պաշտպանում է առավելապես մուսուլմանական բնակչությամբ յոթ երկրների քաղաքացիների համար երկիր մուտքը ժամանակավորապես արգելող հրամանագիրը: Այդ մասին հունվարի 31-ին հայտնել է The Hill-ը՝ հղում անելով Reuters/Ipsos-ի հարցման տվյալներին:


Հարցվածների 49 տոկոսը լիովին կամ մասամբ համաձայն է նախագահի որոշմանը: Դեմ է արտահայտվել 41 տոկոսը, եւս 10 տոկոսը չի հստակեցրել իր պատասխանը:
Հարցման մասնակիցներից գրեթ յուրաքանչյուր երրորդը հայտարարել է, որ սկսել է իրեն ավելի անվտանգ զգալ այն բանից հետո, երբ հրապարակվեց ներգաղթային հրամանագիրը: Գրեթե նույնքանն էլ (38 տոկոս) վստահ է, որ Ամերիկան ահաբեկչության դեմ պայքարի լավ օրինակ է ցույց տալիս մնացած աշխարհին, սակայն 41 տոկոսը նրանց հետ համաձայն չէ:


Հունվարի 27-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն 120 օրով սահմանափակվում է փախստականների մուտքն ԱՄՆ եւ 90 օրով մուտքն ԱՄՆ կասեցվում է Իրաքի, Սիրիայի, Իրանի, Սուդանի, Լիբիայի, Սոմալիի եւ Եմենի քաղաքացիների համար: Դա առաջ է բերել զանգվածային բողոքներ, նախագահի որոշումը դատապարտել են բազմաթիվ քաղաքական գործիչներ Ամերիկայում ու նրա սահմաններից դուրս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: