Ամերիկացիների մեծամասնությունը դեմ է ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Ուկրաինայի գործող իշխանություններին զենք տրամադրելուն: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաստատել է հասարակական կարծիքի նոր հարցումը, որն ԱՄՆ-ում անցկացրել է Պյու հետազոտական կենտրոնը: Դրա արդյունքները փետրվարի 23-ին ներկայացվել են Վաշինգտոնում :

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում Կիեւին զենքով օգնություն ցուցաբերելու հակառակորդների ու կողմնակիցների ձայների միջեւ խզումը փոքրանում է: Այժմ այն կազմում է 53 տոկոս առ 41 տոկոս, իսկ անցյալ տարվա ապրիլին 62 տոկոս էր առ 30 տոկոս:

 

Ընդհանուր առմամբ, հարցման համաձայն, ուժեղացել է նաեւ աջակցությունը Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին: Այժմ պատժամիջոցների խստացման օգտին հանդես է գալիս հարցվածների 60 տոկոսը, դեմ՝ 34 տոկոսը: Ապրիլին առաջին ցուցանիշը 7 տոկոսով ցածր էր:

 

Հարցին՝ պաշտպանում եք արդյոք Միացյալ Նահանգների կողմից ուկրաինացի զինծառայողների ուսուցումը, հարցման մասնակիցների 49 տոկոսը դրական պատասխան է տվել, իսկ 46 տոկոսը՝ բացասական:

 

Հարցումը փետրվարի 18-22-ին անցկացվել է ԱՄՆ-ի 1,5 հազար չափահաս քաղաքացիների շրջանում: Նրանց 39 տոկոսը շատ է լսել Ուկրաինայի եւ Ռուսաստանի փոխհարաբերություններում տիրող ներկայիս լարվածության մասին, 41 տոկոսը քիչ բան է լսել, 19 տոկոսը բնավ չի լսել: Ընդսմին հարցվածների 77 տոկոսը տվյալ իրադրությունը կարեւոր կամ շատ կարեւոր է համարում ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: