ԱՄՆ սենատոր Ռոբ Փորթմանը կոնգրեսի վերին պալատ է մտցրել փոփոխություններ' կապված 2016թ. ռազմական բյուջեի հետ: Համաձայն այդ փոփոխությունների' բյուջեն պետք է ավելացվի 60 մլն դոլարով' Ուկրաինային մահացու զենք մատակարարելու համար: Այս մասին գրում է Газета.Ru-ն՝ հղում անելով սենատորի անձնական կայքին:

 

 

Փորթմանը առաջարկում է գումարներն ուղղել Ուկրաինային «հակահրետանային ռադարներ, պաշտպանական մահացու զենք, անօդաչուներ և կապի պաշտպանված գծեր» մատակարարելու համար:

 

 

Ավելին' փոփոխությունը ենթադրում է իրական ժամանակում Կիևին հետախուզական տվյալների տրամադրում, նաև ուկրաինացի զինվորականների «մարտական գործողություններում հիմնական հնարավորությունների զարգացմանը, ծրագրմանն ու աջակցությանը» միտված մարզումների անցկացում:

 

 

Սենատորը նաև առաջարկում է վերլուծել Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների փորձը, որպեսզի ավելի լավ պատրաստեն ամերիկացի զինվորականներին և այդ փորձով կիսվեն ՆԱՏՕ-ի երկրների հետ: Փորթմանը համոզված է, որ դա հնարավորություն կտա «դասեր քաղել հակամարտությունից և ուսումնասիրել դրանց հետևանքներն ԱՄՆ զինված ուժերի համար»: