2018-ի բյուջեում կա հոդված, համաձայն որի՝ պետական աշխատողների պարգևավճարներն ավելանալու են 2.5 մլրդ դրամով: Տոկոսային արտահայտմամբ սա ավելի քան տպավորիչ է դառնում. չինովնիկներին տրվող պարգևավճարներն ու հավելավճարները ավելանալու են 437 տոկոսով: Իսկ նման թռիչքային ցուցանիշ սահմանած երկրում արդեն անլուրջ զբաղմունք է դառնում արդյունավետության կամ սոցիալական հավասարության մասին զրույցները: Թոշակառուն, որն իր թոշակով չի կարողանում ապրել ու աղբանոցից է շիշ ու հաց հավաքում, ինչպե՞ս մխիթարվի այդ խոսքերով, և արդյո՞ք սա սոցիալական արդարության կիրառում է: Կամ ինչպե՞ս է ստացվում, որ օրենսդիր, գործադիր, դատական իշխանության աշխատողների աշխատավարձերը և հավելավճարներն աճում են շուրջ 6%–ով, այսինքն՝ 56 մլրդ դրամից 57 մլրդ են դառնում, բայց, միաժամանակ, Կառավարությունը հայտարարում է, որ 5500 պետական աշխատող պետք է կրճատվի:
 
Եթե իշխանությունները մեկ տարվա ընթացքում զարտուղի ճանապարհներով փորձում էին «ձգել» ժողովրդի գոտիները՝ տարաբնույթ կրճատումներ անելով, ապա պետական սեկտորի նկատմամբ՝ նման բռնարարքների չգնացին։ Կառավարության խնայողության ռեժիմը պետք է տարածվի ոչ միայն շարքային քաղաքացիների, այլեւ պաշտոնյաների վրա, որոնց աշխատավարձն ու տրամադրվող արտոնություններն այդպես էլ չեն նվազում: Չմոռանանք, որ հենց վերջերս պարզ դարձավ, որ Երեւանում վարձով ապրող պատգամավորների գումարը կրկնապատկվել է, այն դեպքում, երբ պատգամավորի աշխատավարձը 600.000 դրամ է: