Օրեր առաջ 58 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Այսօր Վենեսուելայում պետք է կայանար նրա հուղարկավորությունը, սակայն բոլիվարական հեղափոխության գլխավոր հրամանատարի հուղարկավորությունը հետաձգվեց ևս մեկ շաբաթով: Իր նախագահին հավատարիմ Վենեսուելայի ժողովուրդը կշարունակի հարգանքի տուրք մատուցել և հրաժեշտ տալ Չավեսին Վենեսուելայի Ռազմական ակադեմիայի թանգարանում, որտեղ ժամանակավորապես տեղադրված է նրա աճյունը:

Վենեսուելայի ժողովրդի սգից անմասն չէ տեղի հայ համայնքը: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մշտապես բարեհաճ է գտնվել հայ համայնքի նկատմամբ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Կարակասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր առաջնորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը: Նա հիշեց, թե ինչպես 2005 թ.՝ Ուգո Չավեսի նախագահության տարիներին, Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ճանաչեց 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Ըստ Կոմիտաս արքեպիսկոպոսի՝ նա բավական մոտ էր հայ ժողովրդի հետ, ժողովուրդն էլ՝ իր հետ, թեև հայերը Վենեսուելայում առանձնապես քաղաքականությամբ չեն զբաղվում, հայ եկեղեցին է, որ միշտ հստակորեն եղել է երկրի, պետականության կողքին:

«Վերեսուելայի հայ համայնքն այդքան էլ մեծ չէ՝ մոտավորապես 5000 հայ Կարակասում, Վալենսիայում և Վենեսուելայի մյուս քաղաքներում: Հայությունը Վենեսուելայում երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, իշխանությունը բարեհաճ է եղել հայերի նկատմամբ, լավ է վերաբերվել, հայերն այստեղ երբևէ խնդիրներ չեն ունեցել»,- ասաց Կոմիտաս արքեպիսկոպոսը՝ հույս հայտնելով, որ այդպես էլ կշարունակվի, քանի որ Ուգո Չավեսին փոխարինելու է նրա մտերիմը՝ Նիկոլաս Մադուրոն:

Նա տեղեկացրեց, որ որևէ խոսակցություն երկրում նոր ընտրությունների անցկացման մասին չկա, քանի որ ամեն ինչ արդեն որոշված է: Կոմիտաս արքեպիսկոպոսի փոխանցմամբ՝ Վենեսուելայի խորհրդարանի նախկին ղեկավար, երկրի փոխնախագահ և Ուգո Չավեսի մտերիմ Նիկոլաս Մադուրոն է նրան փոխարինելու, երդմնակալության արարողությունը պետք է տեղի ունենա շուտով:

«Նա միշտ Չավեսի հետ է եղել: Երբ Չավեսը վերջին անգամ հանդիպել էր զինվորականության, նախարարական բոլոր մարմինների հետ, նրանց թելադրել էր, որ իրենից հետո իրեն փոխարինող անձը լինելու է Նիկոլաս Մադուրոն: Մինչև հիմա փոխարինում էր, իսկ այսօր, երբ արդեն մահացել է Չավեսը, պետք է պաշտոնապես ստանձնի երկրի նախագահությունը, ուստի նոր ընտրությունների մասին որևէ խոսակցություն չկա»,- ասաց Կարակասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր առաջնորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը: Վերջինս հստակեցրեց, որ, ինչպես այլ երկրներում, Վենեսուելայում ևս ընդդիմություն կա, բայց, ըստ նրա, ժողովուրդը սիրում էր Չավեսին: