Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում մեկնարկել են ՀՀ  «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ- Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» լսումները:

Լսումներին մասնակից քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ այս նախագծի անհրաժեշտությունը հիմնավորվում է ՌԴ կողմից հայերիս նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով.  «Ես պնդում եմ, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ԵԱՏՄ-ն չի համապատասխանում Հայաստանի շահերին և ասածս ապացուցելու համար կբերեմ 10 պատճառ»,-ասաց Գրիգորյանը՝ թվելով դրանք.

1. ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները տարբեր մոտիվացիներ ունեն այդ միության կազմում մնալու համար, որը չունենք մենք, օրինակ՝ Ղազախստանն ունի ՌԴ հետ ընդհանուր սահման, Բելառուսը ստանում է տարբեր աջակցություներ, որոնք մենք չենք ստանում:

Մենք չունենք Ռուսաստանի հետ ընդհանուր ցամաքային սահման: 

ՌԴ-ն ցանկություն չի հայտնում վերանորոգել Վերին Լարսի սահմանը: Ի՞նչ է՝ դժվա՞ր է ՌԴ-ի համար այդ ճանապարհը կառուցելը, չէ՞ որ մեր բեռներն առանց խնդրի հատում են Վրաստանի սահմանը և հենց ՌԴ սահմանում են սկսվում խնդիրները: Դա ապացուցում է, որ Հայաստանի հետ տնտեսական պրոյեկտ ստեղծելու ցանկություն՝ այդ պետությունը չունի:

ՌԴ տնտեսական ծանր վիճակը, որի մասին հայտարարում է նույն ինքը՝ Պուտինը:

Սանկցիաներ՝ հայերի նկատմամբ, ասվածի վառ օրինակը վարորդական իրավունքների պատմությունն է: Այսկերպ ՌԴ-ն իր աշխատողին  է ուզում ապահովել աշխատանքով: 

Ավելացվող ակցիզային հարկեր՝ Հայաստանից արտահանվող խմիչքների համար: 

7 Օրեցօր ավելացող նոր խաղի կանոններ՝ ընդդեմ հայերիս  (փակվել են մանր առևտրի բազմաթիվ կետեր):

8 Իրանի հետ Հայաստանի առևտրի սահմանափակում: 

9 Կոռուպցիա, մոնոպոլիա, խաղի ոչ հավասար կանոններ՝ Հայաստանում ներդրում անել ցանկացողների համար: Դրանց դեմ մենք չենք կարողանում պայքարել, քանի որ մեր ֆունկցիաները փոխանցել ենք ԵԱՏՄ-ին: 

10 ՌԴ սահմանադրական դատարանի որոշմամբ ՌԴ ներքին օրենսդրությունը գերակա է ԵԱՏՄ բոլոր օրենքներին և անդամ պետությունների միջև ստորագրված պայմանագրերին: Այս նորմը ոտնահարում է Հայաստանի քաղաքացիների շահերը:

Վերջում Ստեփան Գրիգորյանը կոչ արեց Հաայսատնի Սահմանադրական դատարանին՝ քննարկման առարկա դարձնել այս 10-րդ կետը և հանդես գալ Հայաստանի քաղաքացիների շահերը պաշտպանությամբ: